Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Մերի Սարիկյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 13-07-2018
Երիտասարդ մայրիկը հասցնում է և՛ նոր հմտություններ ձեռք բերել, և՛ բլոգ վարել, և՛ գիրք գրել
Համացանցում "Emily and Mommy" անվամբ հայտնի Մերի Սարիկյանն այժմ Հայաստանում է: Տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող երիտասարդ մայրիկ Մերին հասարակական մեծ ակտիվություն է դրսևորում՝ երեխայի խնամքին առնչվող փորձը, գիտելիքները և խորհուրդները փոխանցելով "Emily and Mommy"-ի երկրպագուներին:
Մերի Սարիկյանը արդեն 4 տարի է ինչ բնակություն է հաստատել Գերմանիայում: Նա և իր փոքրիկ դուստրը համացանցում հայտնի են "Emily and Mommy" անվամբ: Առաջիկա ծրագրերի, մայր-երեխա փոխհարաբերությունների մասին բլոգի, բերագործական սեմինարների և Մերիի նախաձեռնությունների մասին Eritasard.am-ի հետ զրույցում պատմել է հենց ինքը՝ երիտասարդ մայրիկ Մերի Սարիկյանը:
 
- Ինչպե՞ս համացանցում "Emily and Mommy" անվամբ մայրիկն ու դուստրը հայտնի դարձան և ձեռք բերեցին հազարավոր հետևորդներ:
 
-Երեխայիս ծննդից հետո նա դարձավ ինձ համար ոգեշնչման աղբյուր, ուրախանալու առիթ: Ես սկսեցի կիսել իմ այդ ուրախ տրամադրությունը մարդկանց հետ, մայրիկների հետ: Այդ ժամանակ instagram-ում ես արդեն մի քանի հազար հետևորդներ ունեի. նրանց գրավել էր իմ պոզիտիվությունը կյանքի նկատմամբ, իմ դրական տրամադրությունը: Որոշեցի նրանց հետ կիսել այն գաղափարը, որ երեխան՝ ինքը տոն է, որը երջանկություն է իր հետ բերում, և ոչ թե՝ հոգս: Էմիլիի գրավչությունն էլ ավելի բարձրացրեց մեր instagram-յան հետևորդների քանակը, քանի որ ինքը շատ քաղցր, արևի պես բալիկ է, միշտ ժպտերես. ժպտում է ծնված օրից: Գնալով ավելի շատ հավանությունների էին արժանանում մեր նկարները, ծանուցումները առօրյայից: Այսպես մեր անձնական էջը դարձրինք բլոգ և այն կոչեցինք "Emily and Mommy":
 
- Ի՞նչ հրապարակումներ են տեղ գտնում "Emily and Mommy" բլոգում: 
 
-Ես այնտեղ կիսում եմ ինչպես իմ անձնական փորձը, մեր առօրյա խնդիրները, զբաղմունքները, այնպես էլ տալիս եմ մասնագիտական տեղեկատվություն՝ թեմաներ, որոնք հետաքրքրում են բոլոր մայրիկներին: Դա կլինի հավելյալ սննդի ներմուծում, հետծննդաբերական ընկճախտ, նորածնային դեղնուկ… Աշխատում եմ նաև ոլորտի մասնագետների հետ, ովքեր օգնում են ինձ, սակայն իմ գրառումներում միշտ նշում եմ, որ այդ ամենն ընդհանրական խորհրդատվություն է, և գանգատների դեպքում անհրաժեշտ է առաջին հերթին դիմել բժիշկներին: Քանի որ Էմիլին արդեն մեկ ու կես տարեկան է, ես շատ հաճախ բլոգում գրում եմ նաև այլ թեմաների մասին: Ուսումնասիրում եմ մասնագիտական գրականությունը և գտնում եմ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Էմիլիի մեծանալուն զուգընթաց ավելանում և փոխվում են նաև բլոգի թեմաները:


 
- Մասնագիտությամբ իրավաբան եք: Հասարակական ակտիվությունը չի՞ խանգարում աշխատանքին:
 
-Ես ունեմ 2 մասնագիտություն: Ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի  մագիստրատուրան, այնուհետև ավարտել եմ Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատել եմ Առողջապահության նախարարությունում: Երբ ես տեղափոխվեցի Գերմանիա,  նախ սկսեցի հաճախել գերմաներենի կուրսերի: Որպես իրավաբան արտերկրում աշխատելը երկար և դժվար կլիներ, ուստի անցա կուրսեր մարքեթինգի ոլորտում, այնուհետև հոգեբանության կուրսերի հաճախեցի:  Ուզում էի աշխատել PR-ի ոլորտում, սակայն արդեն սպասում էի Էմիլիին, և այլևս ժամանակ չմնաց աշխատանքի համար: Բայց քանի որ չեմ սիրում պարապ մնալ, սկսեցի այցելել մայրիկների դպրոց: Հենց այդ մայրիկների դպրոցում էլ 2017 թվականին ես, մասնակցելով Մանհայմի «Ծնողների դպրոց»-ի մրցույթին, հաղթող ճանաչվեցի «Մայրիկի լավագույն օրակարգը» անվանակարգում: Դրանից հետո ես առաջարկ ստացա հենց  այդ դպրոցում անցկացնելու “Baby-life-balance” սեմինարների շարքը՝ նախատեսված մայրերի և երեխաների համար: Երեխան ինձ բացարձակ չէր խանգարում, մենք կարող էինք միասին գնալ դպրոց, մասնակցել սեմինարներին: 
 
- Թեև այժմ ձեր մշտական բնակությունը Գերմանիայում եք հաստատել, սակայն պարբերաբար լինում եք նաև Հայաստանում: Անցյալի տարի Հայաստանում կազմակերպեցիք մայրերի համար բարեգործական սեմինարը: Ի՞նչ տպավորություններ ունեք:
 
-Իմ սպասելիքները արդարացան. արձագանքը շատ ավելին էր քան ես սպասում էի: Դահլիճը լեփ-լեցուն էր: Չնայած մասնագիտական գրականությունն այսօր շատ է, բայց երբ խորհուրդը մայրիկից փոխանցվում է մեկ այլ մայրիկի, դա մի փոքր այլ է, քանի որ մայրիկների հոգսերն ու զգացմունքները գրեթե նույնն են: 
 
- Ինչպե՞ս որոշում կայացրիք հրատարակել «Մայրիկի օրագիրը» գիրքը:
 
- Հատկապես հայաստանյան սեմինարից հետո շատ էին մայրիկների հորդորներն ու քաջալերիչ խոսքերը, որոնք էլ շարժառիթ հանդիսացան, որ ես գրեմ գիրքը մայրիկներին հուզող և օգտակար թեմաների մասին: Այդպես տեղեկատվոթյունը կդառնա ավելի ընդգրկուն և հասանելի բոլոր մայրիկների համար:
 
Գիրքը ներառում է ընդհանուր 10 ամիս հղիությունը՝ 10 ամիս ներսում և 10 ամիս մայրիկի որովայնից դուրս: Տարբեր մասնագետների հետ համատեղ երկարատև աշխատանքից հետո, այժմ պատրաստվում եմ հրատարակել իմ առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը», որը կլինի հանրագիտարան բոլոր մայրերի, առհասարակ, կանանց համար: Գրքի շնորհանդեսը կլինի սեպտեմբերին: Սակայն հստակ օրը և վայրը դեռ չեմ որոշել. քննարկումների փուլում է: 

Մոտավորապես 300 էջից բաղկացած գրքում բացի տեղեկատվական և օրագրային մասերից կա նաև ալբոմային մաս, որտեղ մայրիկը կարող է փակցնել իր փոքրիկի լուսանկարները, նշումներ անել: Լինելու է նաև ծրար, որտեղ կարելի է պահել ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արված ներարգանդային նկարները: Մայրիկները այսպես կպահպանեն իրենց հուշերը այդ քսան ամիսների ընթացքում։ Գիրքը հայերեն է: Գրքում կարելի է գտնել նաև մանրամասն յոգայի վարժությունների մասին, որպեսզի անգամ տանը միայնակ հղին կարողանա իրականացնել այդ վարժությունները: Համապարփակ անդրադարձել ենք այն ամենին, ինչը կարող է երեխայի առաջին օրից մինչև 10 ամսականը հետաքրքրել մայրիկին: Ամեն հարցի պատասխան, վստահ եմ, կարող եք գտնել այս գրքում: 

 
- Ինչո՞վ են հայ երիտասարդ մայրիկները տարբերվում գերմանուհի մայրիկներից: 
 
-Բնականաբար, հայ մայրիկները հրաշք են: Շատ հոգատար են մեր մայրիկները և շատ սիրառատ, անձնվեր: Լինում են նաև ծայրահեղություններ, երբ նրանց հոգատարությունը վերածվում է մոլուցքի: Սակայն դա իր դրական կողմն էլ ունի, քանի որ մենք շատ ենք կապված մեր բալիկների հետ, ավելին ենք ուզում տալ, նվիրել մեր փոքրիկներին: Գերմանացի մայրիկները կարող են ավելի էգոիստ լինել, թեկուզ հենց իրենց, իրենց աշխատանքին կամ կրթությանը նախապատվություն տալու առումով: Իսկ մեզ համար առաջնայինը՝ երեխան է և ընտանիքը: Սակայն համատարած ոչինչ չի կարելի ասել, քանի որ ես ճանաչում եմ գերմանացի հրաշալի մայրիկների, ովքեր բացարձակ չեն տարբերվում իրենց սիրով և հոգատարությամբ մեր հայ մայրիկներից: 
 
Ես, շփվելով տարբեր ազգությամբ մայրիկների հետ, հասկացել եմ, որ ամեն տեղ էլ կարելի է հանդիպել խելացի, հոգատար և ուշադիր մայրիկների, որոնք ամեն ինչ էլ անում են իրենց փոքրիկների խնամքը ճիշտ կազմակերպելու համար:  
 
- Լինելով երիտասարդ մայրիկ՝ ինչպե՞ս եք կարողանում համատեղել այդ հասարակական աշխատանքները, երեխայի ամենօրյա խնամքի հետ:
 
-Երբ շատ լուսանկարներ և գրառումներ եմ անում, ինձ շատերը հարցնում են. «…իսկ դա չի՞ խանգարում վայեյել», ասեմ որ չի խանգարում, քանի որ ինձ մոտ “multitasking” ասվածը բավականին զարգացած է, և ես կարողանում եմ համատեղել մի քանի գործողություն. դա շատ արագ է ստացվում ինձ մոտ: Եվ եթե չլիներ հետադարձ այդ դրական էներգիան, գուցե ես չկարողանայի այսքան եռանդ ներդնել այս ամենի մեջ: Ինձ ոգեշնչում են հենց իմ հետևորդները: Ես լավատես մարդ եմ, միշտ փորձում եմ դրական տրամադրվել ամեն հարցում: Իմ կարծիքով՝ լավատեսությունը բոլոր խնդիրների լուծման բանալին է: