Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Կազան, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 08-07-2018
Աշխարհի առաջնության 24-րդ օրը. Ռուսաստանը դուրս է մնում պայքարից
Կիսաեզրափակիչում Անգլիա – Ռուսաստան դիմակայություն տեղի չի ունենա, քանի որ իրական թրիլլերային սցենարով ընթացած խաղում խորվաթներին հաջողվեց հաղթել մրցաշարն ընդունող կողմի ազգային հավաքականին։

Ռուսաստանում ընթացող Մունդիալի կիսաեզրափակիչի մյուս երկու մասնակիցները եւս հայտնի են։ Անակնկալ կարող էր լինել Սոչիում կայացավ Ռուսաստան – Խորվաթիա խաղում, սակայն 120 րոպեներից հետո նշանակված հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունը չժպտաց Ռուսաստանի հավաքականին. առաջ է շարժվում Խորվաթիայի հավաքականը։ Խաղային օրվա 1-ին դիմակայությունը, սակայն, Շվեդիայի եւ Անգլիայի հավաքականների միջեւ էր։

Սամարայում Շվեդիայի հավաքականի երկրպագուները մի փոքր ավելի շատ էին անգլիացիներից, սակայն տրիբունաներում աղմկում էին գրեթե համահավասար։ Մինչեւ 1/4 եզրափակիչ հասնելը Շվեդիայի հավաքականը կարողացել էր ուղղակի հիանալի մրցափուլ անցկացնել՝ հաղթելով ոչ միայն խմբում, այլեւ ավելի ուժեղ ֆուտբոլիստներով համալրված Շվեյցարիայի հավաքականին։ Անգլիայի հավաքականը կարողացել էր կոլումբացիներին դուրս թողնել մրցաշարի 1/8 փուլից միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում։ Չնայած այդ հանգամանքին Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ հանդես եկող «Երեք առյուծների» թիմը հոգնածության որեւէ նշան ցույց չէր տալիս հանդիպման առաջին րոպեներին։

Մինչեւ շվեդները փորձում էին լուծել դեպի Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը գրավելու հարցը, անգլիացիներին հաջողվեց հանդիպման 30-րդ րոպեին բացել խաղի հաշիվը։ Անկյունային հարվածի խաղարկումից հետո Հարի Մագուայրը բոլորից բարձր ցատկեց եւ գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ։ Ի պատասխան շվեդները մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, մի դեպքում էլ կարող էին աչքի ընկնել մինչեւ ընդմիջում, սակայն բարձունքի վրա էր անգլիացիների դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։

Երկրորդ խաղակեսում Անգլիայի հավաքականը մի փոքր ավելի ակտիվ էր։ Հարձակվողական մի քանի գործողություններին հետեւեց լավ փոխգործակցված գրոհ, որը եզրափակեց Դելե Ալին՝ 2-րդ անգամ ստիպելով շվեդներին խաղը սկսել կենտրոնից։ Բաց թողած գոլից հետո շվեդները մի քանի թարմ ֆուտբոլիստների դուրս բերեցին խաղադաշտ, բայց անգլիացիները բավականաչափ լավ ու կազմակերպված էին պաշտպանվում՝ օգնելով Ջորդան Պկֆորդին անառիկ պահել դարպասը։ 

Որոշ դեպքերում, իհարկե, շվեդներին հաջողվում էր անգամ պաշտպանների հարցը լուծել, բայց այդ ժամանակ էլ հրաշալի խաղ էր ցուցադրում Ջորդան Պիկֆորդը։ Պատահական չէ, որ խաղից հետո նա էլ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Անգլիայի հավաքականին հաջողվեց մեղմել խաղի տեմպը։ Շվեդիայի հավաքականն ավելի շատ հոգնած տեսք ուներ, քան օրեր առաջ 120 րոպե խաղադաշտում անցկացրած Անգլիայի ընտրանին։ «Երեք առյուծները» շարժվում են կիսաեզրափակիչ՝ փորձելու կրկնել 52 տարի առաջ գործած դեռ միակ հրաշքը՝ դառնալ աշխարհի չեմպիոն։

Անգլիայի հավաքականի մրցակիցը որոշվեց Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում։ Խմբային փուլն առանց խնդիրների հաղթահարած Խորվաթիայի հավաքականը կրկին կասկածի տակ դրեց իր՝ աշխարհի առաջնության եզրափակիչում խաղալու ունակությունները։ Խորվաթներին աջակցելու էին եկել ոչ միայն բազմաթիվ երկրպագուներ, այլեւ այդ երկրի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում եւ երկրի նախագահը։ Ռուսաստանի հավաքականի դեպքում երկրպագուների պակաս չկար։ Ավելին՝ իր երկրի ֆուտբոլի հավաքականին կողքին էր Ռուսաստանի Դաշնության վարչապետը։

Քաղաքական լիդերների առկայությունը տրիբունաներում չխանգարեց ֆուտբոլիստներին ակտիվ խաղ ցուցադրել։ Չնայած 1/8 եզրափակիչ փուլի արգելքը երկու մրցակիցներն էլ հաղթահարել էին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, սակայն հոգնածության նշույլ անգամ չէր նկատվում։ Թե՛ Ռուսաստանի ընտրանու, թե՛ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները մեկ նպատակ ունեին՝ հաղթել մրցակցին։

Հանդիպման հաշիվը բացեցին Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները։ Անհատական մեծ տաղանդի հաշվին հիանալի հարվածով աչքի ընկավ Դենիս Չերիշեւը։ Ի պատասխան դարպասի գրավման՝ տրիբունաները թնդացին՝ ոգեւորելով Ռուսաստանի հավաքականին։

Խորվաթիայի հավաքականի պատասխանը չուշացավ։ Ընդամենը 8 րոպե անց Ռուսաստանի հավաքականի պաշտպանները ձախողեցին համակարգված գործողությունների իրականացումը, ինչի արդյունքում Անդրեյ Կրամարիչը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: Ցնծություն էր ապրում նաեւ երկրի նախագահը՝ շնորհավորանք ստանալով ՌԴ վարչապետի կողմից։

Առաջին խաղակեսի մնացած մասը, ինչպես նաեւ երկրորդ խաղակեսն ամբողջությամբ առավել շատ նյարդերի պայքար էր. երկու ընտրանիները փորձում էին չսխալվել, ինչը հանգեցնում էր մի փոքր զգուշավության, եւ խաղի տեմպը դրանից ընկնում էր։ Կարծես թե հիմնական ժամանակում հաղթելու մասին կողմերից եւ ոչ մեկը չէր պատրաստվում մտածել, ինչի արդյունքում հարկ եղավ լրացուցիչ ժամանակի անցկացման։



Լրացուցիչ ժամանակի առաջին 15 րոպեներն անցան խորվաթների առավելությամբ։ Արդյունքը երեւաց նաեւ ցուցատախտակին։ Դոմագոյ Վիդան կարողացավ առաջ մղել խորվաթներին 101-րդ րոպեին։ Բաց թողած գոլը չընկճեց դաշտի տերերին։

Ռուսաստանի հավաքականի երկրպագուները միահամուռ ուժերով աջակցում էին իրենց սիրելի ֆուտբոլիստներին՝ նրանց առաջ մղելով։ Արդյունքում մի քանի վտանգավոր պահեր ստեղծվեցին Դանիել Սուբաշիչի պաշտպանած դարպասին, իսկ 115-րդ րոպեին ստադիոնում կրկինում խոշոր թնդյուն եղավ. Մարիո Ֆերնանդեսը, միանալով թիմի գրոհին, հավասարեցրեց հաշիվը՝ 2-2:

Ընդամենը 5 րոպե էր մնում լրացուցիչ ժամանակի ավարտին։ Թիմերի խաղացողների համար շատ բան արդեն պարզ էր. լինելու է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, պետք է ուժերը պահել այդ հարվածաշարում հաջողության հասնելու համար։

Չնայած Ֆեոդոր Սմոլովը վրիպեց Ռուսաստանի հավաքականի առաջին հարվածը, սակայն Իգոր Ակինֆեեւին հաջողվեց հետ մղել Մատեո Կովաչիչի հարվածը։ Մարիո Ֆերնանդես կարծես թե այդ հանգամանքից շատ ոգեւորվեց, ինչի արդյունքում բավականին շեղ հարվածեց նշակետից՝ կրկին առավելությունը փոխանցելով խորվաթներին։ Իգոր Ակինֆեեւը փորձեց նախ որսալ խորվաթների ավագ Լուկա Մոդրիչի հարվածը, սայան փորձն անհաջող էր, ապա Դոմագոյ Վիդան եւ Իվան Ռակիտիչը կարողացան անվրեպ գտնվել՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով հաղթանակ պարգեւելով Խորվաթիայի հավաքականին։

Ռուսաստանի հավաքականի երկրպագուները եւ ֆուտբոլիստները ողբում էին, մինչդեռ ցնծում էր Խորվաթիայի հավաքականի կազմը եւ երկրի նախագահը։ Պատմության մեջ երկրորդ անգամ այդ երկրի ֆուտբոլի հավաքականին հաջողվում է դուրս գալ աշխարհի առաջնության 1/2 եզրափակիչ փուլ։ Ուղիղ 20 տարի առաջ խորվաթները Ֆրանսիայում կարողացել էին հենց այս արդյունքին հասնել իրենց ոսկե սերնդի շնորհիվ։ Ի դեպ, Լուկա Մոդրիչը Ռուսաստան – Խորվաթիայի խաղի լավագույն ֆուտբոլիստ դարձավ՝ 3-րդ անգամ ստանալով այդ կոչումը մրցաշարի ընթացքում։



Այսպիսով՝ հուլիսի 11-ին «Լուժնիկի» ստադիոնում Անգլիայի հավաքականը ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ՝ փորձելով որոշել եզրափակիչի երկրորդ մասնակցին, իսկ առաջին մասնակիցը կորոշվի հուլիսի 10-ին Ֆրանսիայի եւ Բելգիայի հավաքականների միջեւ կայանալիք հանդիպմամբ։ Այն կկայանա Սանկտ Պետերբուրգում։

Հ.Գ.։ Աշխարհի առաջնության ավարտին մնացել է ընդամենը 4 հանդիպում՝ 2 կիսաեզրափակիչ, պայքար 3-րդ տեղի համար եւ չեմպիոնության որոշիչ մրցավեճ։ Ամեն ինչ խոստանում է առավել հետաքրքիր ու դրամատիկ լինել։