Նյութը՝ Deem Communications-ից
Լուսանկարները՝ Deem Communications-ից
Տեղադրվել է 09-07-2018
«Ուրեմն» ոչ ինքնախաբեությանը. Վահէ Պէրպէրեանի նոր ներկայացումն արդեն Հայաստանում է
«Ճիշտ կ'ըեսն, որ լռութիւնը ոսկի է, բայց ես ոսկիին հանդէպ առանձնայատուկ սէր չունիմ: Այնպէս որ կը նախընտրեմ լսել ծիծաղի ձայնը, քան ունկնդրել լռութիւնը»,-ասում է հայտնի ամերիկահայ երգիծաբան, բեմադրիչ, դերասան Վահէ Պէրպէրեանը:

Ս. թ. հուլիսի 11-12-ին արվեստագետը ծիծաղով կլցնի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը՝ ներկայացնելով իր վերջին մենախոսային ներկայացումը՝ «Ուրեմն»-ը: Միջոցառումը տեղի կունենա ժամը 20:00-ին: 

«Ուրեմն»-ը, լինելով Պէրպէրեանի ներկայացումներից ամենասուրը, անխնա քննադատում է ինքնախաբեությունը կյանքի բոլոր ասպարեզներում` ամենատարբեր առօրյա իրավիճակներից մինչեւ սեր, ամուսնություն, կրոն, ինքնություն: 

«Ուրեմն»-ը արվեստագետի կատակերգական մենախոսություններից վեցերորդն է: Առաջինը «Եվ այլն»-ն էր, հետո «Նաեւ»-ը, ապա՝ «Տակավին», «Սակայն», «Եթե» իսկ հիմա «Ուրեմն»-ը... «Ինչպէս կը նկատէք կամաց-կամաց եզրակացութեան հասնելու նպատակ մը կայ»,-նշում է երգիծաբանը: 

Կատակերգական մենախոսությունների վարպետը` Վահէ Պէրպէրեանը, ծնվել է 1955-ին Բեյրությում: 1976թ-ին տեղափոխվել է Եվրոպա, ապա ԱՄՆ: Ապրելով Սփյուռքի հայկական համայնքում եւ ամեն օր առնչվելով դրա առօրյայի հետ՝ Պէրպէրեանն իր մենախոսություններում բարձրացանում է Սփյուռքի և, առհասարակ, ողջ հայության համար արդիական թեմաներ եւ ինքնատիպ հումորային ձեռագրով վերլուծում դրանք: 

Ներկայացման կազմակերպիչն է Deem Communications ընկերությունը, որը տարիներ շարունակ հայրենիքին է ներկայացրել անվանի սփյուռքահայ արվեստագետների: Նրանց թվին են պատկանում աշխարհահռչակ «System of A Down» խմբի գլխավոր վոկալիստ Սերժ Թանկյանը, երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Գի Մանուկյանը, լիբանանահայ երգչուհի/երգահան ԱԷյլին Խաչադուրյանը, «Capital Cities» հայտնի ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանը, ինչպես նաեւ Սփյուռքում հայկական ֆոլկ երաժշտության ջատագով «Element Band»-ը, Զուլալ ակապելլա եռյակն ԱՄՆ-ից եւ այլք: