Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-07-2018
15-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է
Հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Կազմակերպիչներն այս տարի եւս բացառիկ ու անմոռանալի տոն են նախատեսել կինոսերների համար: Կլինեն բազում հետաքրքիր կինոպրեմիերաներ, վարպետության դասեր, բացառիկ հյուրեր: Փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արանոֆսկին եւ «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին: Իսկ մրցույթի խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին: 

Կինոփառատոնի բացման արարողությանը մասնակցեցին են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս տարի եւս կինոփառատոնի բացման արարողությունները տեղի ունեցան 2 տարբեր հարթակներում։ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ցուցադրվեց Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունը» ֆիլմը։ Այնուհետեւ Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց բացման հանդիսավոր արարողությունը:

Նախ հյուրերն անցան կարմիր գորգով, այնուհետեւ Արամ Խաչատրյան համերգասրահում սկսվեց բուն արարողությունը: Ցուցադրվեց փառատոնի 15-ամյա ուղին ամփոփող տեսանյութ, ներկայացվեցին երաժշտական համարներ, ինչպես նաեւ փառատոնի մրցութային եւ արտամրցութային ֆիլմերը, ժյուրիի կազմը: 

Նշենք, որ տարբեր ծրագրերում կցուցադրվեն աշխարհի հեղինակավոր կինոփառատոններում՝ Կաննում, Բեռլինում, Վենետիկում, Ռոտերդամում, Լոկարնոյում մրցանակների արժանացած ֆիլմեր:

«Ոսկե ծիրան»-ի արարողությանը ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Վերջինս արդեն հասցրել էր ջրել փառատոնը լուսաբանող լրագրողներին եւ նույնը արեց նաեւ Արամ Խաչատրյանի բեմից՝ պատմելով, որ իր հետեւից ընկել են փոքր երեխաներ ու ջրել նրան: Մինի Վարդավառից հետո ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արոնոֆսկուն հանձնեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը:
Փառատոնը մեկնարկեց: Առջեւում բազում այլ հետաքրքիր իրադարձություններ ու հանդիպումներ են: 

Պատկերասրահ՝ 15-րդ «Ոսկե ծիրան»-ի բացումը