Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 04-07-2018
Աշխարհի առաջնության 20-րդ օրը. դրաման շարունակվում է՝ փոխարինելով ֆուտբոլին
Պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի հավաքականին հաջողվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել Մունդիալում եւ հաջորդ փուլում Շվեդիայի ընտրանու հետ խաղալու լավ հնարավորություն ստանալ։

Ռուսաստանում ֆուտբոլային երկրպագուների թիվը ավելանում է։ Իհարկե, այդ երեւույթը գուցե եւ պայմանավորված է Ռուսաստանի հավաքականի հաջողությամբ, սակայն վստահաբար Մունդիալի եզրափակիչ հատվածը միշտ էլ շատերին ավելի հետաքրքիր է, քան խմբային փուլը։ Հուլիսի 3-ին՝ առաջնության 20-րդ օրը, որոշվեցին 1/4 եզրափակիչ փուլի վերջին երկու մասնակիցները։

Սանկտ Պետերբուրգում կայացած Շվեդիա – Շվեյցարիա դիմակայությունը, որին տրիբունաներից հետեւում էին ավելի քան 64 հազար հանդիսականներ, թեժ եւ դրամատիկ պայքարում անցավ։ Եթե առաջին խաղակեսն անցավ հիմնականում միմյանց հետախուզման նպատակով իրականացվող գրոհներով, ապա երկրորդ խաղակեսն իսկական ֆուտբոլային դրամա էր, պայքար հանուն մեծ նպատակի՝ խաղալու 1/4 եզրափակիչ փուլում։

Հանդիպման 66-րդ րոպեին աչքի ընկավ ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը՝ Էմիլ Ֆորսբերգը։ Մինչեւ այդ շվեդ ֆուտբոլիստին 3 անընդմեջ խաղ չէր հաջողվում գրավել մրցակիցների դարպասը Մունդիալի շրջանակում, թե բավականաչափ նպաստավոր պահեր ֆուտբոլիստը ստանում էր։



Շվեդների գոլը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ շվեյցարացիների համար։ Գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը Շվեյցարիայի հավաքականում կարգուկանոն հաստատելու եւ խուճապից խուսափելու համար անմիջապես կրկնակի փոփոխություն կատարեց՝ խաղադաշտ մտցնելով իր թիմի կազմու առկա երկու հարձավողներին՝ Հարիս Սեֆերովիչին եւ Բրիլ Էմբոլոյին։ Սա որոշակի ակտիվություն մտցրեց Շվեյցարիայի հավաքականի գործողություններում։

Հասկանալով, որ մեկ գնդակի առավելությունը մրցակցի հանդեպ չնչին է, Շվեդիայի ընտրանին միմիայն պաշտպանությամբ չէր զբաղվում. երբեմն-երբեմն ձեռնարկվում էին նաեւ վտանգավոր հակագրոհներ, որոնք դարպասի գրավմամբ, սակայն, չէին ավարտվում։ Տեսնելով, որ մրցակիցը ավելի է ուժեղացրել հարձակումը, Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը որոշեց պաշտպանությունն ամրացնել՝ խաղադաշտից դուրս բերելով Էմիլ Ֆորսբերգին։

Մինչեւ շվեյցարացիները տարված էին գրոհներ կազմակերպելով՝  հանդիպման վերջին րոպեին Շվեդիայի ընտրանուն հաջողվեց չափազանց վտանգավոր հակագրոհ կազմակերպել։ Արդյունքը եղավ այն, որ գլխավոր մրցավարը վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացրեց Միխայել Լանգին եւ 11-մետրանոց հարված նշանակեց շվեյցարացիների դարպասին։ Քիչ անց, սակայն, մրցավարը փոխեց որոշումը, քանի որ տեսակրկնությամբ ավելի պարզ էր, որ խաղի կանոների խախտումը տեղի է ունեցել տուգանային հրապարակից դուրս։ Չնայած 11-մետրանոց հարվածը չեղարկվեց, սակայն Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 հոգով։ Վտանգավոր դիրքից հարվածելու հնարավորությունից փորձեց օգտվել Օլա Տոյվոնենը, սակայն դարպասապահ Յան Զոմերը հրաշալի ցատկով հետ մղեց ուժեղ հարվածը։

Շվեյցարիայի հավաքականին պարտությունից խուսափել չհաջողվեց, իսկ շվեդները կարողանում են առանց Զլատան Իբրահիմովիչի առավել թիմային խաղ ցուցադրել եւ շարունակում են առաջ շարժվել։ Ի դեպ, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Էմիլ Ֆորսբերգը։

Շվեդիայի հավաքականի մրցակիցը որոշվեց Մոսկվայում կայացած եւ թրիլլերային սցենարին բնորոշ ավարտ ունեցած Կոլումբիա – Անգլիա դիմակայության արդյունքում։ Այս զույգի առաջին խաղակեսը գրեթե ոչնչով չէր տարբերվում այս տարվա Մունդիալի մյուս հանդիպումների առաջին խաղակեսերից. թիմերը շարունակում էին առավել զգույշ գործել, ռիսկի չէին դիմում։ Լիովին այլ պայքար ծավալվեց երկրորդ խաղակեսում։ Հաճախ թիմերը գնում էին նաեւ կեղտոտ պայքարի եւ դրա արդյունքը եղավ այն, որ գլխավոր մրցավարը միանգամից 6 դեղին քարտ ցույց տվեց միայն երկրորդ խաղակեսում։ Համեմատության համար նշենք, որ առաջին խաղակեսում մրցավարի կողմից միայն մեկ զգուշացում էր եղել. դեղին քարտ էր ստացել Վիլմար Բարիոսը։

Հանդիպման 57-րդ րոպեին անգլիացիներին գլխավոր մրցավարը պարգեւատրեց 11-մետրանոց հարվածով, քանի որ Հարի Քեյնի հետ պայքարում խախտում նկատեց կոլումբացիների կողմից։ Ինչ խոսք, այդ 11-մետրանոցը կարող էր եւ չլինել, բայց մրցավարի որոշումը չփոխվեց անգամ «VAR» տեսակրկնությունների համակարգի գործի դնելուց հետո։ Անգլիայի հավաքականի ավագը առանց լարվածության մոտեցավ նշակետին եւ բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով այս Մունդիալում իր 6-րդ գնդակը, ընդ որում 3-րդ անգամ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։

Բաց թողած գոլից հետո անգլիացիները որոշակիորեն պասիվացան՝ թույլ տալով մրցակցին մի քանի գրոհ նախաձեռնել, սակայն անգլիական պաշտպանությունն անխոցելի էր թվում։ Այդպես էր մինչեւ հանդիպման վերջին րոպեն։ Մրցավարի կողմից ավելացված վերջին րոպեին Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Մաթեուս Ուրիբեն հեռահար հարվածով փորձեց գրավել Անգլիայի ընտրանու դարպասը, բայց դարպասապահ Ջորդան Պիկֆորդին հաջողվեց գնդակի ուղղությունը շեղել։ Անկյունային հարվածի իրավունք ստացավ կոլումբացիները ամբողջ թիմով, այդ թվում եւ դարպասապահով, եկան անգլիացիների տուգանային հրապարակ։ Չնայած ամբողջ թիմով էր Անգլիայի հավաքականը պաշտպանվում, սակայն ամենահաս Յերի Մինային հաջողվեց գլխի դիպուկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի դարպասը՝ մրցաշարում խփելով իր 3-րդ գոլը։



Լրացուցիչ ժամանակում առավել ակտիվ էին անգլիացիները, իսկ Կոլումբիայի հավաքականը կարծես արդեն պատրաստ էր հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին։ Չնայած 30 րոպեների ընթացքում անգլիացիները մի քանի անգամ կարող էին հաջողության հասնել, սակայն գրեթե միշտ կա՛մ դարպասապահ Դավիդ Օսպինան էր գերազանց խաղում, կա՛մ պաշտպաններին հաջողվում էր անձնուրաց խաղով հետ մղել մրցակցի գրոհները։ Արդյունքում հերթը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, իսկ այստեղ անգլիացիները միշտ անբախտ են եղել։

Այնպես էր ստացվել, որ հարվածները պետք է տեղի ունենային այն դարպասին, որի հետեւում հիմնականում Կոլումբիայի հավաքականի երկրպագուներն էին, իսկ առաջինն էլ հարվածում էին հենց կոլումբացիները։ Բազմափորձ Ռադամել Ֆալկաոն չվրիպեց, ինչպես եւ Խուան Կուարդադոն։ Անգլիայի հավաքականի կազմում առաջին երկու հարվածները դիպուկ էին ավագի՝ Հարի Քեյնի եւ Մարկուս Ռեշֆորդի շնորհիվ։ Կոլումբացիների երրորդ հետխաղյա 11-մետրանոցը եւս դիպուկ էր իրացված Լուիս Մուրիելի շնորհիվ։ Անգլիացիները վրիպեցին երրորդ հարվածը։ Պատասխանատու գործում թերացավ Ջորդան Հենդերսոնը, սակայն դարպասապահ Ջորդան Պիկֆորդը գերազանց գործեց Մաթեուս Ուրիբեի հարվածի ժամանակ, եւ հաշիվը հավասարվեց Կիրան Տրիպերի հարվածից հետո՝ 3-3: Կառլոս Բակայի հարվածից հետո եւս անգլիացիների դարպասապահը հրաշալի գործեց, իսկ Էրիկ Դայերին հաջողվեց դիպուկ գտնվել եւ 4-3 հաշվով հաղթանակ ապահովել Անգլիայի հավաքականի համար, ինչը բացառիկ արդյունք է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երեք առյուծների» թիմին երբեք չէր հաջողվել հաղթել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Մունդիալի պատմության ընթացքում։

Ի դեպ, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հարի Քեյնը, որի առաջնորդությամբ հուլիսի 7-ին Սամարայում անգլիացիները ուժերը կչափեն Շվեդիայի ընտրանու հետ։ Նրանց հաղթողին կիսաեզրափակիչում կսպասի Ռուսաստան – Խորվաթիա զույգի հաղթողը. իրոք, ամեն ինչ ավելի է հետաքրքիր է լինելու առջեւում։