Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ս. Մաթեւոսյանի
Տեղադրվել է 03-07-2018
Քրիստինե Ասատրյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հուլիսի 3-ին նախարարությունում հանդիպեց Եվրամիության ներկայացուցիչների հետ:



Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ: ԵՄ ներկայացուցիչները նախարարի տեղակալին ներկայացրին այն ծրագրերը, որոնք Եվրամիությունն իրականացնում է երիտասարդության շրջանում եւ երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների համար: 



Հանդիպման ընթացքում Քրիստինե Ասատրյանը շեշտեց, որ կարեւորում է տարբեր կազմակերպությունների հետ նմանօրինակ հանդիպում-քննարկումները՝ շեշտելով, որ արդեն իսկ հանդիպել է մի շարք այլ գործընկերների հետ: 



ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը մասնավորապես հանդիպել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» («Save the Children») միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի եւ «ՕքսԵՋեն» («oxYGen») հիմնադրամի անդամների հետ:



ԵՄ ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրին իրենց իրականացրած ծրագրերը, ինչպես նաեւ պատմեցին առաջիկա նախաձեռնությունների մասին: Նրանք իրենց հետ նախարարություն էին բերել ծրագրային ամբողջ փաթեթը:



ԵՄ ներկայացուցիչները շեշտեցին, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տարբեր ծրագրերի  համատեքստում:



Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, իր հերթին ներկայացնելով անելիքներն ու ծրագրերը, ԵՄ ներկայացուցիչներին պատմեց նոր կառավարության առաջնահերթությունների, մասնավորապես մարզային կյանքի ակտիվացման ու զարգացման մասին: «Շատ անելիքներ կան, մենք աշխատում ենք բազում ուղղություններով»,- ընդգծեց Քրիստինե Ասատրյանը: 



Հանդիպումն անցավ ջերմ եւ անմիջական մթնոլորտում: