Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 02-07-2018
Աշխարհի առաջնության 18-րդ օրը. հետխաղյա 11-մետրանոցներ եւ անակնկալներ
Իսպանիայի հավաքականը շարունակում է տխուր ավանդույթը՝ զիջելով մրցաշարը հյուրընկալող երկրին, իսկ Խորվաթիայի հավաքականին մի կերպ հաջողվում է դուրս պրծնել դանիական ցանցից։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնը լեփ-լեցուն էր տասնյակ հազարավոր երկրպագուներով, որոնք եկել էին սատարելու Ռուսաստանի հավաքականին Իսպանիայի ընտրանու դեմ 1/8 եզրափակիչ փուլի խաղում։ Չնայած իսպանացիները ոչ միայն այս խաղի, այլեւ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն էին, սակայն առանց պայքարելու Ռուսաստանի հավաքականը պատրաստ չէր տալու հանդիպումը։ Սա զգացվեց արդեն առաջին րոպեներին։

Նվիրված խաղ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստների կողմից ոչ ոք չէր սպասում՝ հաշվի առնելով մինչեւ մրցաշարի մեկնարկը ցույց տված անորակ խաղը։ Խմբային փուլի արգելքն անցած ռուս ֆուտբոլիստները, սակայն, վստահ էին սեփական ուժերին եւ ինքնավստահ տեսք ունեին նաեւ հանդիպման 12-րդ րոպեից հետո, երբ Սերխիո Ռամոսի՝ իսպանացիների ավագի հետ պայքարում սեփական դարպասը գրավեց Սերգեյ Իգնաշեւիչը։

Առաջին խաղակեսի վերջում Ռուսաստանի հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրացման իրավունք, քանի որ սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել Խերարդ Պիկեն։ Նշակետին մոտեցած Արտեմ Ձյուբան անվրեպ էր՝ 1-1: Իսպանացիները շատ ջանքեր չգործադրեցին առավելություն ստանալու համար արդեն առաջին խաղակեսում՝ հույսը դնելով երկրորդ խաղակեսում Ռուսաստանի հավաքականի հոգնածության ֆոնին հաղթանակի հասնելու վրա։



Ամբողջ երկրորդ խաղակեսում իսպանացի ֆուտբոլիստներն առավելություն ունեին, նրանք էին վերահսկում գնդակը եւ գրեթե 45 րոպե անընդմեջ գտնվում էին մրցակցի կիսադաշտում, սակայն դարպասի գրավման գործը չհասավ։ Այսպես շարունակվեց նաեւ լրացուցիչ ժամանակում։ Երկու հավաքականներից մեկը հույսը կապել էր հետխաղյա 11-մետրանոցի շնորհիվ հաղթանակի հասնելու հետ, իսկ այսպիսի դեպքերում գեղեցիկ ֆուտբոլ ակնկալելն անիմաստ է։

Չնայած իսպանացիները 1200-ից ավելի փոխանցում կատարեցին ամբողջ խաղի ընթացքում, սակայն դա միմիայն վիճակագրական փաստ է, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ, եթե ոչ հրաշք, ապա լիովին անհասկանալի արդյունք է։ Դավիդ դե Խեան՝ Իսպանիայի հավաքականի դարպասապահը, չկարողացավ հետ մղել եւ ոչ մի հետխաղյա 11-մետրանոց, մինչդեռ Իգոր Ակինֆեեւին հաջողվեց նախ Կոկեի հարվածը հետ մղել, իսկ Յագո Ասպասի հարվածից հետո ոտքով վերջին պահին նա շեղեց դեպի դարպասն ընթացող գնդակը՝ պատմական արդյունք՝ հետխաղյա 11-մետրանոցներով 4-3 հաշվով հաղթանակ ապահովելով Ռուսաստանի հավաքականի համար։ Ամենեւին արժանիորեն հենց ռուս դարպասապահն էլ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։



Ռուսաստանի հավաքականը կշարունակի պայքարը 1/4 եզրափակիչում, իսկ ահա Իսպանիայի հավաքականը ոչ միայն գլխիկոր կվերադառնա հայրենիք, այլեւ կորցրեց Անդրես Ինյեստային, որը հայտարարեց հավաքականում մրցելույթները դադարեցնելու մասին։ Ռուսաստանի ընտրանին կարող է մի քանի օր ցնծալ՝ սպասելով հուլիսի 7-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը։

Ռուսաստանի հավաքականի մրցակիցը որոշվեց Նիժնի Նովգորոդում կայացած Խորվաթիա – Դանիա հանդիպման արդյունքում։ Արդեն հանդիպման 4-րդ րոպեին դարպասի երկու գրավում էր արձանագրվել։ Առաջին րոպեին աչքի էր ընկել դանիացիների պաշտպան Մաթիաս Յորգենսենը, իսկ Մարիո Մանջուկիչը պատասխանել էր մրցակցին։ Հետագա րոպեներն անցան երկու կողմերի փոխնիփոխ հաջողություններով, սակայն ոչ առաջին, ոչ երկրորդ խաղակեսերում դարպասի նոր գրավում չարձանագրվեց։



Լրացուցիչ ժամանակում հաղթողին որոշելու հիանալի հնարավորություն ուներ խորվաթների ավագ եւ առաջատար Լուկա Մոդրիչը։ Երկրորդ լրացուցիչ խաղակեսի ընթացքում նշանակված 11-մետրանոցը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը դիպուկ իրացնել չկարողացավ, քանի որ վստահ գործեց Կասպեր Շմայխելը՝ ապացուցելով, որ հոր՝ Պիտեր Շմայխելի արժանի հետեւորդն է։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը պիտի որոշեր հաղթողին երկրորդ անընդմեջ խաղում։ Ու հոգեբանական առավելություն ունեին դանիացիները եւ նրանց դարպասապահը, քանի որ արդեն խաղի ընթացքում նրան հաջողվել էր մեկ 11-մետրանոց հետ մղել։



Առաջին հարվածելու հնարավորությունը դանիացիներինն էր։ Եթե Քրիստիան Էրիքսենի հարվածը դիպուկ լիներ, ապա հոգեբանական առավելությունը լիովին կանցներ Դանիայի հավաքականի կողմը, սակայն հրաշալի խաղաց Դանիել Սուբաշիչը եւ հետ մղեց դեպի դարպասը սլացող գնդակը։ Խորվաթների առաջին 11-մետրանոցն իրացնելու եկած Դանիել Բադելի հարվածից հետո կրկին իր հրաշալի ցատկունակությունը եւ ռեակցիան ցույց տվեց Կասպեր Շմայխելը՝ հետ մղելով գնդակը։

Հաջորդիվ նշակետին մոտեցած 4 ֆուտբոլիստները չվրիպեցին. հետաքրքիր էր Լուկա Մոդրիչ – Կասպեր Շմայխել երկրորդ դիմակայությունը, սակայն խորվաթ ֆուտբոլիստը սառնասիրտ էր։ Սխալվեց Լասե Շոնեն, ում հարվածից հետո կրկին իր՝ 11-մետրանոցներից գնդակը հետ մղելու բարձր կարգը ցույց տվեց Դանիել Սուբաշիչը։



Թիմակիցներին օգնության հասավ Կասպեր Շմայխելը։ Նա հետ մղեց Յոսիպ Պիվարիչի հարվածը եւ կրկին հույս պարգեւեց դանիացիներին։ Նշակետին մոտեցած Նիկոլայ Յորգենսենը կարող էր այդ հույսը իրական դարձնել, սակայն կրկին Դանիել Սուբաշիչը փայլեց՝ հետ մղելով այս խելահեղ 11-մետրանոց հարվածաշարում 3-րդ հարվածը։ Վերջին խոսքն ասաց Իվան Ռակիտիչը. խորվաթների «7» համարը սառնասիրտ էր՝ 3-2 հաշիվ հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում։ Հանդիպման լավագույն խաղացող դարձավ Կասպեր Շմայխելը, սակայն մյուս փուլում կխաղան խորվաթները։

Հ.Գ.։ Ռուսաստան – Խորվաթիա հանդիպման մրցաշարի 1/4 եզրափակիչում քչերն էին սպասում, ինչպես եւ Իսպանիայի, Արգենտինայի, Գերմանիայի եւ Պորտուգալիայի հավաքականների 2018 թ.-ի Մունդիալին այսքան արագ հրաժեշտ տալուն։ Այսօր կայանալիք Բրազիլիա – Մեքսիկա եւ Բելգիա – Ճապոնիա հանդիպումները եւս խոստանում են անակնկալներ, քանի որ Ռուսաստանում ընթացող Մունդիալն իսկապես անկանխատեսելի է դառնում...