Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 29-06-2018
Էքզյուպերիի ծննդյան օրը՝ «Ռազմական օդաչուն» վիպակի հայերեն թարգմանությամբ
Մահապարտ մի առաքելության պատմություն, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի հայացքով:

Ընթերցողի սեղանին է սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» վիպակի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 29-ին՝ մեծանուն գրողի ծննդյան օրը: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, բնագրային թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը:

«Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ 1942 թվականին լույս է տեսել Միացյալ Նահանգներում՝ «Flight to Arras» («Թռիչք դեպի Առաս») վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին: 

Վիպակն ինքնակենսագրական է: Մահապարտ մի առաքելության պատմությունը, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայացքով, դառնում է ֆրանսիացի մտավորականի, արվեստագետի, շարքային քաղաքացու ապրումների, խորհրդածությունների խտացումը Երկրորդ աշխարհամարտի համատեքստում: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության:

«Վեպը գրվել է 1942 թ., երբ Էքզյուպերիի համար ստեղծվել էր մի ծանր շրջափուլ, կարելի է ասել, որ ֆիզիկապես ու հոգեպես աքսորի մեջ էր Ֆրանսիան լքել, ժամանակավորապես բնակվում էր ԱՄՆ-ում: Սա շատ ծանր որոշում էր Էքզյուպերիի համար: Ֆրանսիայում տեղի ունեցած մարտերի ժամանակ Էքզյուպերին առաջնագծում էր, այլ կերպ չէր կարող լինել: Մինչեւ իր էներգիայի վերջին կաթիլը մասնակցել էր ռազմական բոլոր գործողություններին: Բնականաբար ծանր էր ընդունել ժամանակավոր պարտության փաստն ու միաժամանակ հայրենիքից հեռանալու անհրաժեշտությունը: Այս վիպակը բոլորովին այլ հայացքով ես սկսում ընկալել, երբ հասկանում ես, թե ինչ հանգամանքներում է Էքզյուպերին սա գրել՝ աքսորի մեջ, որտեղ նա միեւնույն ժամանակ շատ ջերմ վերաբերմունք էր վայելում ամերիկացի ընթերցողի կողմից եւ շրջապատված էր այն ֆրանսիացիներով, ովքեր այս կամ այն պատճառներով ստիպված լքել էին Ֆրանսիան: Նա շփվում էր իր երկիրը ներկայացնող մարդկանց հետ, բայց չէր կարող իրեն նրանց յուրային համարել»,- նշում է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը: 

Նրա խոսքով՝ Էքզյուպերին իր գրվածքով արձանագրում է այդ տարօրինակ պատերազմի անհեթեթությունն ու անհուսությունը: Անհավասար ուժերի պատճառով զինվորներն այլընտրանք չունեն, հասկանում են, որ պայքարը դատապարտված է ձախողման, բայց ստիպված են խաղալ իրենց դերը մինչեւ վերջ: 

«Մեր հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիր», «Գիշերային թռիչք», «Փոքրիկ Իշխանը», «Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Այժմ հերթը «Ռազմական օդաչուն» վիպակինն է, որն ինքնակենսագրական է. գլխավոր հերոսը հենց Անտուան դը Սենտ-Էքզյուպերին է»,-նշեց «Էդիթ Պրինտ»-ի մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ հավելելով, որ հաջորդ հրատարակվելիք ստեղծագործությունը կլինի Էքզյուպերիի «Միջնաբերդը», որի թարգմանական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: