Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 29-06-2018
Կայուն զարգացման նպատակները եւ երեխաները
Մարդկության առջեւ ծառացած գլոբալ խնդիրները հաղթահարելու նպատակով 2015 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել են Կայուն զարգացման 17 նպատակները (ԿԶՆ):
Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին, սովի, աղքատության եւ անհավասարությունների կրճատմանը, որակյալ կրթության ապահովմանը եւ մաքուր միջավայրի պահպանությանն ու այլ խնդիրներ պարունակող ոլորտների բարելավմանն ուղղված համաշխարհային այդ նպատակներն ընդունել է նաեւ մեր երկիրը՝ ստանձնելով պարտավորություններ՝ հնարավորինս  քայլեր ձեռնարկել դրանց մինչեւ 2013 թ. հասնելու համար: Կարեւորելով հանրային իրազեկման անհրաժեշտությունը ԿԶՆ-ների վերաբերյալ՝ «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից գործող ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ներգրավվեցին դրանց լուսաբանման քարոզարշավին: 

Տավուշի մարզում ԿԶՆ-ների վերաբերյալ երեխաների շրջանում իրազեկումը բարձրացնելու նպատակով հինգ համայնքների ԻՄՓԱՔԹ ակումբներ նախաձեռնեցին «Կայուն զարգացման նպատակները եւ երեխաները» ծրագիրը, որոնց շրջանակում Այգեհովիտ, Ազատամուտ, Բերդ, Խաշթառակ եւ Սարիգյուղ համայնքների դպրոցներում իրականացրեցին ԿԶՆ-ների ծանոթացման հանդիպումներ, թեմատիկ շնորհանդեսներ, տրամադրեցին տեղեկատվական պաստառներ, օրացույցներ, նպատակների նշմամբ թեւնոցներ եւ շապիկներ: Խմբային աշխատանքների արդյունքում նաեւ վեր հանվեցին համայնքային խնդիրներ, որոնք տեղական մակարդակում ինչ-որ չափով առնչվում են ԿԶՆ-ների հետ: Ակումբների կողմից մշակվեցին ու իրականացվեցին համայնքային նախագծեր, որոնց ամբողջական արդյունքները ներկայացվեցին ամփոփիչ միջոցառմանը: Մասնակցում էին հինգ համայնքների մոտ 130 երեխա եւ ՏԻՄ-ների, դպրոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Միջոցառմանը ՎՎՀ Տավուշի երիտասարդական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը նշեց, որ երեխաների դերը հանրային ուշադրությունը ԿԶՆ-ների հանդեպ հրավիրելու ուղղությամբ  կարեւոր է, քանի որ ապագայի խաղաղ ու կայուն զարգացման համար հիմքերը ներկայում են դրվում: Ամեն մի ակումբ ներկայացրեց իր համայնքում կատարված աշխատանքները, արդյունքները, որից հետո ելույթ ունեցան նաեւ հյուրերը: 

Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը նշեց. «ԻՄՓԱՔԹ ակումբների դերը նման նախաձեռնությունների կազմակերպման ու համախմբման գործում զգալի է, քանի որ քաղաքացիական ակտիվության շնորհիվ տեղական խնդիրների վրա քաղաքացիների ուշադրությունն է հրավիրվում, երեխաները տեղեկանում են իրենց միջավայրին սպառնացող վտանգների մասին եւ մտածում են դրանք հաղթահարելու ուղղությամբ»: 

Նույն դպրոցի 17-ամյա աշակերտուհի Հրաչուհին էլ ուրախությամբ արձանագրում է. «Տավուշի մարզի շատ երեխաներ արդեն գիտեն, թե ինչ են կայուն զարգացման նպատակները, եւ ինչու են դրանք կարեւոր մարդկության առաջընթացի համար: Կարծում եմ, որ բոլոր երկրների ղեկավարությունները պետք է միավորեն իրենց ջանքերը մեր մոլորակի խաղաղությունն ու անվտանգությունը, կայուն զարգացումը ապահովելու համար: Ինձ համար կարեւոր է ԿԶ 4-րդ նպատակի՝ որակյալ կրթության իրացումը, քանի որ կրթությունն է մարդկության քաղաքակիրթ զարգացման կարեւորագույն գործոնը»: 

Նշենք, որ ԻՄՓԱՔԹ ակումբների կողմից ԿԶՆ-ների վերաբերյալ հանրային լուսաբանման քարոզարշավներ են իրականացվել նաեւ Շիրակ եւ Գեղարքունիք մարզերում: