Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-06-2018
Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը՝ առաջին անգամ հայկական բեմում
Ֆրանսաբնակ աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգը «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում կայացավ հունիսի 29-ին: Հատվածներ հնչեցին Ջուզեպե Վերդիի, Պիետրո Մասկանիի, Ջոակինո Ռոսինիի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ջակոմո Պուչինիի եւ Ալֆրեդո Կատալանիի օպերաներից:

Համերգի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն էր Էդուարդ Թոփչյանը:

Լրագրողների հետ զրույցում Լիաննա Հարությունյանը նշեց, որ համերգի ծրագիրը 4 տարի պատրաստ է եղել, սակայն չի ստացվել այն իրականացնել. «Տարբեր երկրների բեմերում ելույթ եմ ունեցել, եւ հերթը Հայաստանինն է, իմ երկրում համերգ ունենալու ճիշտ ժամանակն էր: Ժողովրդիս հետ հանդիպմանը մեծ սիրով եմ սպասել: Արտերկրում շատ առաջարկներ բաց եմ թողել այս մենահամերգն ունենալու համար, ինչի համար իսկապես ուրախ եմ»:

Լիաննա Հարությունյանը գլխավոր դերերգեր է կատարել աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում: Նա ծնվել եւ նախնական կրթությունը ստացել է Հայաստանում, այնուհետեւ ուսումը շարունակել է Փարիզի «Բաստիլ» օպերայի լիրիկական ստուդիայում: Երգչուհու աստղային վերելքի սկիզբն է դարձել 2013 թ.-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի եւ Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ:

Նշենք, որ համերգին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկին Աննա Հակոբյանը: «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Պատկերասրահ՝ Սոպրանո Լիաննա Հարությունյանը Հայաստանում