Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 27-06-2018
«Մարտիկի երգը»՝ DJ Ժիլբերի ու Լիլուի նորովի մեկնաբանմամբ
Ամերիկաբնակ երիտասարդ հայ դիջեյ Ժիլբերը նորովի մատուցմամբ, ռեմիքս տարբերակով ներկայացրել է «Մարտիկի երգը», որը բավականին բուռն է ընդունվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում:

Դիջեյի YouTube ալիքի մեկնաբանություններում սփյուռքահայերը նրան շնորհակալություն են հայտնում հայկական ազգային երաժշտությունը ներկայացնելու, իրենց հիշողություններն արթնացնելու եւ գեղեցիկ կատարման համար:

«Երգեր կան, որ երբեք չեն մոռացվում, դառնում են հարազատ, սիրելի, դրանց թվում է Աշոտ Սաթյանի «Կարոտի երգը», որ հետագայում վերանվանվեց «Մարտիկի երգը»: Փորձել եմ այս շատ զգացմունքային երգի հույզերը, որն ունեցել է հեղինակը, իմ ձեւով արտահայտել,- մեզ հետ զրույցում ասել է DJ Ժիլբերը եւ հավելել,- ես ինձ հյուր եմ զգում, ով այսօր ժամանակավորապես հայրենիքից հեռու է ապրում, բայց իմ իսկական տունը Հայաստանն է: Կարոտն ինձ տուն է կանչում: Պիտի խոստովանեմ, որ երգի գործիքավորումն ավարտելուց անմիջապես հետո տոմս եմ գնել եւ հուլիսին Հայաստանում կլինեմ»:

DJ Ժիլբերը նաեւ մանրամասներ է ներկայացրել հայրենասիրական մոտիվներով երգի մատուցման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ. «Գործիքավորումը կատարել եմ Արայիկ «MG» Մուրադյանի հետ: Աշխատանքներն իրականացնելիս նկատեցինք, որ մեղեդային, հանգիստ ու հուզական ձայն է հարկավոր, ասես մայրական, որը կդիպչի մարդկանց սրտերին: Երգչուհի Լիլուի ձայնը լավագույնս համապատասխանում է այդ չափանիշներին, ուստի որոշեցինք համագործակցել»:

DJ Ժիլբերի խոսքով՝ նմանատիպ նախագծերը շարունակական են լինելու, քանի որ արտերկրում հայկական մշակույթն ավելի ճանաչելի դարձնելու մտադրություն ունի` թեկուզ էլեկտրոնային ռեմիքսների միջոցով:

DJ Ժիլբերը դուետ կատարումներով հանդես է եկել բազմաթիվ հայտնի երգիչ-երգչուհիների հետ: Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Երջանկության արցունքներ», «Արի, արի», «Սիրո նամակը» եւ այլն:

DJ Ժիլբերը միշտ էլ աչքի է ընկել հայրենասիրական ստեղծագործություններով: Ճանաչված հայ դիջեյի առաջին cover-ը Արա Գեւորգյանի  «Արցախ»-ն է, որն իրեն մեծ հաջողություններ բերեց: