Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-06-2018
Ծրագիրը կհամախմբի ամբողջ աշխարհի հայ ուսանողներին
Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի անդամներն հունիսի 22-ին՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, ներկայացրին Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի ուսանողական ծրագրերը, որոնք առաջին անգամ կիրականացվեն Հայաստանում:
Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր-նախագահ Դավիթ Մնացականյանը նշեց, որ ծրագրի նպատակն ամբողջ աշխարհում կրթության զարգացումն է. «Այն մի քանի հիմնային ծրագրեր է ներառում՝ Համաշխարհային համահայկական ուսանողական կոալիցիա, հայ գլոբ, հայ միասնական ինտելիգենցիա, նորարարական կրթական ծրագրեր»:

Ըստ Դավիթ Մնացականյանի՝ կլինի նաեւ համագործակցություն բիզնես ոլորտի հետ. «Մենք նպատակ ունենք նաեւ երիտասարդ կադրերին պահել Հայաստանում, Սփյուռքում էլ կան շատ ուսանողներ, ովքեր ուզում են գալ իրենց մասնագիտական գիտելիքները ծառայեցնել Հայաստանի զարգացման համար: Ծրագիրը նաեւ Սփյուռքի հետ կապեր ստեղծելու նպատակ ունի»:

Նրա տեղեկացմամբ՝ ծրագրում ներառված գերազանց ուսանողները նաեւ վարձավճարի փոխհատուցում կստանան:

Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի Համաշխարհային համահայկական ուսանողական կոալիցիայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Տիգրան Հակոբյանն էլ փաստեց, որ նպատակ ունեն ստեղծել մի տիրույթ, որը կհամախմբի ամբողջ աշխարհի հայ ուսանողներին, ովքեր կարող են ներկայացնել նաեւ իրենց ծրագրերը, գիտական ձեռքբերումները. «Մենք ուզում ենք հասնել նաեւ նրան, որ գումարը չխոչընդոտի հայ երիտասարդին կրթություն ստանալու համար»:

Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանում գրասենյակ կբացվի, որը հագեցած կլինի համաշխարհային եւ հայկական գրականության վերջին հրատարակություններով, կլինեն նաեւ մասնագիտական կողմնորոշման ծառայություններ: