Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-06-2018
Կրթություն եւ արժեքներ. հանդիպում բանասեր Նունե Դիլանյանի հետ
Հունիսի 21-ին կայացավ «Կողբ» հիմնադրամի եւ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցության շրջանակում իրականացվող «Արժեբանություն» նախագծի 4-րդ հանդիպումը:

Նմանօրինակ հանդիպումները սովորաբար լինում են մարդաշատ, լսարանը՝ տարբեր տարիքային խմբերի, իսկ ընտրված թեմաներն էլ հետաքրքիր եւ բազմաբովանդակ: Այս անգամ նախագծի հյուրն էր բանասեր Նունե Դիլանյանը: 



Հանդիպման ընթացքում բանախոսը փորձեց տալ մի շարք հարցադրումների պատասխաններ, մասնավորապես, թե արդյոք կրթությունն է ձեւավորում արժեքները, եւ ինչ է այդ պարագայում կրթությունը: Արդյոք արժեքներն իրենց հերթին դառնում են կրթության պատվիրատու, եւ ինչ են այդ պարագայում արժեքները: Արդյոք այդ գործընթացն ունի սկիզբ եւ վերջ: Արդյոք կրթության ճգնաժամը արժեքների նվաստացման արդյունք է եւ դրանց ընդվզման ու ապստամբության նախադրյալ: Արդյոք տեղայնացված մոտեցումը բավարար է այդ հարցերի պատասխանները գտնելու համար եւ ինչպես գտնել ու սահմանել այդ տեղը, «մենք»-ի տեղը ժամանակակից ցանցային աշխարհում: 



Եվ վերջապես՝ արդյոք հնարավոր է միասնաբար գտնել այդ հարցերի պատասխանները ու միասնաբար տեսանելի, շոշափելի, ընդունելի ու կիրառելի դարձնել «բուն իմաստը»: 

Նունե Դիլանյանն անդրադարձ կատարեց նաեւ մշտապես քննարկման եւ բանավեճի առարկա հանդիսացող խաղի կանոններին: Ըստ մասնագետի՝ խաղերն իրականում քանդվելու հատկություն ունեն, իսկ խաղացողները լինում են 3 տեսակ.
1) Ազնիվ մարդիկ, որոնց համար կանոնները սրբություն են,
2) Կեղծարար մարդիկ, ովքեր ձեւացնում են, որ խաղում են, սակայն իրականում չեն խաղում,
3) Եվ մարդիկ, ովքեր չեն փորձում կեղծել, սակայն հասնում են խաղի քանդմանը:



Մասնագետն անդրադարձավ նաեւ բոլորիս հայտնի «Մեր դեմ խաղ չկա» արտահայտությանը՝ նշելով, որ այդպիսով մարդիկ փորձում են ներխուժել այլոց խաղադաշտ եւ ենթարկեցնել իրենց կանոններին:

Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ ներկաները կարողացան հանդիպման վերջում հղել իրենց հուզող հարցերը: