Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 21-06-2018
Հեղափոխության դեմքերն ու դեպքերը…
Թավշյա հեղափոխությունն արդեն իրողություն է, եւ ամեն օր մենք տեսնում ենք երեւույթներ, քայլեր, իրադարձություններ, որոնք ավելի են ամրապնդում արդար, առաջադեմ, բարեկեցիկ Հայաստան ունենալու մեր հույսերը։

Հեղափոխության հաղթանակը հնարավոր դարձավ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախադրյալների շնորհիվ, բայց կարեւորագույն եւ անփոխարինելի գործոնը մարդիկ էին, յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու քայլ անելու պատրաստակամությունը։ 

Չնայած նրան, որ հեղափոխությունն ամբողջ ազգի հաղթանակն է, հետաքրքիր եւ կարեւոր է ծանոթանալ նաեւ մարդկանց առանձին պատմություններին, նրանց շարժառիթներին, մտորումներին եւ հեղափոխության օրերին նրանց ապրումներին։ 

Նմանօրինակ հանդիպում հունիսի 20-ին կազմակերպվել էր «Հոդված 3» ակումբում: Հանդիպումը կրում էր «Հեղափոխությունը մարդիկ են. հետահայաց հանդիպումներ եւ զրույցներ փողոցային պայքարն իրականացրած անհատների հետ» խորագիրը: Հյուրերի թվում էին Անի Հակոբջանյանը, Անի Յավրենցը, Վահե Գեւորգյանը, Աշոտ Խաչատրյանը: 

2008 թվականից տարբեր ակցիաների, քաղաքացիական ընդվզումների մասնակից Վահե Գեւորգյանն անկեղծանալով նշեց, որ պայքարի սկզբում թերահավատ է եղել՝ մտածելով, որ հերթական պայքարներից մեկն է, որն արդյունք չի ունենա. «Վստահություն առաջացավ Ֆրանսիական հրապարակում հավաքվելուց հետո: Ինչ խոսք, առաջին օրը դժվար էր ճանապարհներ փակելու գործընթացը, քանի որ կար 30-40 մեքենա, որոնք փորձում էին հեռացնել, սակայն, ի վերջո, Արշակունյաց պողոտայում իրավիճակը կտրուկ փոխվեց եւ շղթայական ռեակցիայով տարածվեց քաղաքի մյուս հատվածներում. փակվեցին բոլոր փողոցները: Զգացողություններն աննկարագրելի են: Մի քանի օր ականատես եղանք մի շարք քաղաքացիների դժգոհություններին, սակայն հաջորդ օրերին պայքարը թեւակոխեց նոր շրջան»: 

Վահե Գեւորգյանը փաստեց նաեւ, որ հեղափոխության շարժիչ ուժն ուսանողությունն էր, սակայն առանց դպրոցականների գուցե չունենայինք այն, ինչ ունենք. «Երբ 13-14 տարեկան դպրոցականները գիտակցաբար փակում են փողոցը, բացատրում վարորդներին իրավիճակը, հասկանում ես, որ հույս կա եւ շատ մեծ: Ես ուզում եմ, որ մեր երեխաները մեզ  չասեն այն, ինչ մենք ենք ասում մեր ծնողներին. «Դուք ժամանակին չեք արել, հիմա մենք ենք անում»»:

Անի Յավրենցի կարծիքով՝ թավշյա հեղափոխությունը որոշակի մշակույթ ձեւավորեց մարդկանց շրջանում: Ավելին, կային մարդիկ, ովքեր քաղաքականության հետ կապ չունեին, շատ բան չէին հասկանում, սակայն նրանցից յուրաքանչյուրը ելք էր փնտրում. «Ի վերջո, այս հեղափոխությամբ կոտրվեց այն կարծրատիպը, որ ոչինչ չի փոխվի: Սակայն ես ուզում էի հավատալ, որ չի լինի այն, ինչ նախկինում եղել է, քանի որ դժվար կլիներ այսքան հավատով լցված ու համախմբված ժողովրդի կրկին հավաքել»: 

Անի Հակոբջանյանն այն ակտիվիստներից էր, ով պայքարից ետ չկանգնեց անգամ ձերբակալվելուց եւ մայրիկի հետ վիճելուց հետո: Ինչպես ինքն է նշում՝ քաղաքականությունից հեռու մարդ է, բան չի հասկանում, սակայն տեսնելով համախմբվածությունը, հավատացել է, որ այդպիսի պայքարն անարդյունք չի լինի: Անին անգամ հաշվել է, թե քանի անգամ է հուզվել, էմոցիաներին տրվել: 

«Անկեղծ կլինեմ, սկզբում չէի հավատում, բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ սխալվել եմ: Անգամ ոստիկաններն էին մի կողմ քաշված, քանի որ պայքարի էին դուրս եկել մայրերը՝ իրենց երեխաների հետ, դպրոցականները»,- նշեց Անի Հակոբջանյանը:

Աշոտ Խաչատրյանի խոսքով էլ՝ պետք է անել առավելագույնը, որպեսզի հասնես նվազագույնին. «Հույսով եւ հավատով էինք լցված, սակայն ինձ համար ցանկացած պայքարին մասնակցելու արդյունքը պետք է լինի այդ պայքարից հաճույք ստանալը»:

Վահե Գեւորգյանը, Անի Յավրենցը, Անի Հակոբջանյանը, Աշոտ Խաչատրյանը ժողովրդավարական արժեքների համար պայքարող ու հեղափոխությունն իրականանալի երազանք դարձնողներից էին, ովքեր ոչ միայն չկոտրվեցին ու չվախեցան, այլեւ մյուսներին գոտեպնդեցին իրենց համարձակությամբ: