Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-06-2018
Յոգայի միջազգային օր. խորհուրդներ մասնագետից
Յոգան 5000-ամյա ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր պրակտիկա է, որը ծագել է Հնդկաստանում: Դրա նպատակն է վերափոխել մարմինն ու միտքը: Յոգան մարմնավորում է մտքի եւ մարմնի, մտածողության եւ արարքի, զսպվածության եւ իրագործման միասնությունը, այն ներդաշնակություն է մարդու եւ բնության միջեւ, առողջության եւ բարեկեցության ամբողջական մոտեցում:

2014 թ. սեպտեմբերի 27-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ արեց հունիսի 21-ը ճանաչել որպես Յոգայի միջազգային օր: 2014 թ. դեկտեմբերի 11-ին էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այդ օրը հռչակեց որպես Յոգայի միջազգային օր: Ընտրվել է հունիսի 21-ը, քանի որ դա ամառային արեւադարձի օրն է` տարվա ամենաերկար օրը:


 
Յոգայի միջազգային օրվա առթիվ Eritasard.am-ը զրուցել է «Ռիթմ յոգա ստուդիոյի» համահիմնադիր, Կաշմիր Շաիվիզմի դպրոցի «YTTC 200 hours» ծրագրի միջազգային որակավորում ունեցող ուսուցիչ Դավիթ Հակոբյանի հետ, ով կիսվել է իր մասնագիտական խորհուրդներով:  

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ յոգան բալանսավորում է միտքն ու մարմինը: Ինչպես շնչառական տեխնիկաները, այնպես էլ ֆիզիկական վարժանքը (ասանաները) եւ մեդիտացիաներն օգնում են մարդուն կոփել մարմինը, զարգացնել համբերություն եւ կամքի ուժ, ինչն էլ իր հերթին նպաստում է մտքի հավասարակշռությանը: Ըստ մասնագետի՝ յոգան կարող է օգնել անգամ բնավորությամբ բռնկուն մարդկանց:
 


Այն հարցին՝ կա արդյոք սահմանված տարիք յոգայով զբաղվելու համար, եւ արդյոք կան մարդիկ, որոնց հակացուցված է զբաղվել յոգայով, Դավիթ Հակոբյանը պատասխանեց. «Յոգայով կարող են զբաղվել 1 տարեկանից մինչեւ անսահմանություն: Մարդիկ նույնիսկ զբաղվում են դեռ չծնված` հղիության ընթացքում: Ուղղակի յուրաքանչուր տարիքային խմբում կան դասի անցկացման առանձնահատկություններ: Հակացուցումներ չկան, պարզապես հիվանդությունների դեպքում կան սահմանափակումներ: Լուրջ առողջական խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում զբաղվել վերականգնողական եւ թերապեւտիկ յոգայով»:

Մասնագետը բոլորին խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, զբաղվել որեւէ մարզաձեւով. «Յոգան մեզ սովորեցնում է սովորել, հաղթանակ տանել մարմնիդ եւ մտքիդ նկատմամբ, դառնալ ավելի ուրախ, բարի, սիրել բնությունը եւ մարդկանց: Զբաղվե՛ք յոգայով եւ կբացահայտեք ինքներդ ձեզ»:

Հավելենք, որ այսօր երեկոյան՝ 18:00-ին, Թումանյանի այգում կնշվի Յոգայի միջազգային օրը: 

Պատկերասրահ՝ Յոգայի միջազգային օրը Երեւանում - 2018