Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-06-2018
«Հնարավորություններ երիտասարդներին». ինքնատիպ տոնավաճառ
«Երեւան, իմ սեր» հիմնադրամի տարածքում հունիսի 20-ին անցկացվեց ինքնատիպ երիտասարդական տոնավաճառ: «Հնարավորություններ երիտասարդներին» խորագրով տոնավաճառին մասնակցեցին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, հյուրեր, հետաքրքրված երիտասարդներ:
Տոնավաճառը Եվրոպական միության ֆինանսավորմամբ («Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցությամբ) իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում առաջին հանրային միջոցառումն է։ Այս միջոցառման նպատակն է մեկ հարկի ներքո հավաքել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, որոնք առաջարկում են աշխատանքային պրակտիկայի, կամավորության, փոխանակման եւ այլ ծրագրերի տարբերակներ երիտասարդների համար: Երիտասարդ այցելուներին օգտակար տեղեկատվություն ստանալու, կապեր հաստատելու եւ ինքնազարգացման խթաններ գտնելու հնարավորություն ընձեռվեց: 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը միջոցառման մեկնարկին նախ ողջունեց մասնակիցներին. «Ուզում եմ ողջունել ձեզ, սիրելի՛ երիտասարդներ, ՀՀ ազատ, հպարտ եւ հեղափոխական երիտասարդներ: Իսկապես շատ ուրախ եմ, որ որպես ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ առաջին անգամ ելույթ եմ ունենում հենց նմանատիպ հանրային միջոցառման ժամանակ եւ առավել եւս նմանատիպ լսարանի առջեւ: Ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է զբաղվել ՀՀ նոր կառավարության ամենագերակա ոլորտներից մեկի՝ երիտասարդության հարցերով: Երիտասարդները վերջին երկու ամիսների ընթացքում կատարեցին իրենց քայլը, հեղափոխությունը դարձրին իրականություն: Մենք բոլորս շարունակում ենք մնալ մեր նոր Հայաստանի հիմնասյունը: Եվ ես պատրաստվում եմ ամեն ինչ անել, որպեսզի այդ հիմնասյունը շատ ավելի ամրանա»: 

Քրիստինե Ասատրյանը ներկաներին հավաստիացրեց, որ իրենց համար առաջնահերթություն է երիտասարդների զբաղվածության, կրթության եւ ձեռներեցության խթանումը: Նա մասնակիցներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը, տեղեկանալ տարբեր հնարավորությունների մասին, կարեւորեց ոչ ֆորմալ կրթության, ինքնազարգացման դերը մարդու կյանքում: 

Նշենք, որ միջոցառումն ուներ աշխատանքային 4 բաժին: Հնարավորությունների բաժին/տոնավաճառը 30-40 կազմակերպության (ՏՏ եւ հաղորդակցության ոլորտներ, պետական կառույցներ, ֆինանսական, ուսումնական եւ այլ հաստատություններ) ներկայացուցիչների համար իրենց կողմից երիտասարդներին առաջարկվող ծրագրերը եւ հնարավորությունները ներկայացնելու հարթակ էր։ 

Դասընթացների բաժինը համախմբել էր այն մասնագետներին, ովքեր երիտասարդների համար անցկացրին 10-15 րոպե տեւողությամբ դասընթացներ՝ աշխատաշուկա մուտք գործելու պատրաստվածությանն առնչվող թեմաներով։ Այնուհետեւ մասնակիցները միմյանց, ինչպես նաեւ դասընթացավարների հետ քննարկումներ անցկացնելու հնարավորություն ունեցան։ 
 
Կենդանի գրադարանում այցելուներն «ընթերցեցին» «կենդանի գրքերի»՝ իրենց ոլորտներում դժվարությունների միջով անցած եւ հաջողություններ արձանագրած անհատների ոգեշնչող պատմությունները։ Բացօթյա գոտին տաղանդավոր երիտասարդներին իրենց կատարումները ներկայացնելու հնարավորություն էր տալիս։ 

Պատկերասրահ՝ «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառ