Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-06-2018
Ծաղկաձորում կազմակերպվել է գեղեցիկ բացօթյա համերգ
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հրապարակում «Մինորա» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է գեղեցիկ բացօթյա համերգ:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ անցկված համերգին ներկայացվել են ինքնատիպ պարային ու երաժշտական համարներ, հանդես են եկել խմբեր Երևանից ու տարբեր մարզերից: 

 ««Մինորա» մշակութային կենտրոնն արդեն երրորդ տարին Ծաղկաձորում կազմակերպում է նման համերգային ծրագիր: Մեր նպատակն է պրոֆեսիոնալ պարն ու երգը ներկայացնել նաև հանրապետության մարզերում, որպեսզի մարզային բնակչությունը ևս անմասն չմնա մշակութային կյանքից»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):  

Նրա խոսքով՝ մարզաբնակ հանդիսատեսը միշտ ոգևորությամբ է ընդունում նմանատիպ միջոցառումները: Այս համերգն էլ բացառություն չէր: Ի դեպ, հավելենք, որ միջոցառման մասնակիցներն արժանացել են գավաթների ու պատվոգրերի:

Նշենք, որ մշակութային կենտրոնը նախատեսել է նաև մի շարք համերգներ հանրապետության մարզերում: Առաջիկայում համերգներ տեղի կունենան նաև Սևանում և Դիլիջանում: 

Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: