Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ Էմմա Մաթեւոսյանի
Տեղադրվել է 19-06-2018
Մեկնարկեց Եվրոպական մշակութային ժառանգության տարին
Հայաստանում «2018 թվականը՝ մշակութային ժառանգության եվրոպական տարի» նախաձեռնությանը նվիրված միջոցառման մեկնարկը հունիսի 16-ին տրվեց Զվարթնոցում:



Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու Եվրոպական փառատոների անդամ, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը:



Էստոնական «Հորտուս Մուզիկուս» անսամբլի կատարմամբ սկիզբ դրվեց միջոցառման մեկնարկային համերգին: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Անդրես Մուստոնեն:



Նախօրեին՝ հունիսի 15-ին, Բյուրականի գեղարվեստի ակադեմիայում էստոնական «Հորտուս Մուզիկուս» եւ «Գուրջիեւ» անսամբլներն անցկացրեցին համատեղ աշխատաժողով եւ վարպետության դաս, որից հետո հնչեց երաժշտություն՝ միջնադարից մինչեւ բարոկկո՝ նվիրված Սուրբ Աստվածամորը: 



Բյուրականի արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվել էին բացառիկ կրթական եւ մշակութային միջոցառումներ: «Հորտուս Մուզիկուս» խմբի անդամների եւ երաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման եւ քննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական եւ հայկական միջնադարյան երաժշտական գործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները: Եղան համատեղ անմոռանալի ելույթներ, որոնք դարձան մեծ ոգեւորության առիթ թե՛ հայ եւ թե՛ էստոնացի երաժիշտների համար:



Երաժշտասեր հանրությանն արդեն հայտնի տաղանդաշատ պատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսաելյանը, Քրիստինե Ենգոյանը, դուդուկի եւ զուռնայի փոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական կատարումներով հանդես եկան «Հորտուսի» անդամների համար: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը:



Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համագործակցությամբ` կիսելու եվրոպական մշակութային ժառանգության գնահատումը եւ ընդգծելու ընդհանուր եվրոպական տարածության պատկանելությունը: