Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-06-2018
«Համով-հոտով» բույրեր՝ Երեւանի կենտրոնում
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում մի քանի ժամ շարունակ տարածվել էր հայկական ուտեստների անուշ բույրերը: Ազգային երգ ու պարի ուղեկցությամբ նշվում էր «Համով-հոտով Երեւան» հայկական խոհանոցի փառատոնը: Այն անցկացվում էր արդեն չորրորդ անգամ:

Փառատոնը «Երեւանյան ամառ 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում իրականացնում են Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն:

«Փառատոնի նպատակն է զարգացնել հայկական խոհանոցը, թե՛ մեր համաքաղաքացիներին, թե՛ քաղաքի հյուրերին ներկայացնել լավագույն ավանդույթները: Քանի որ այս տարի Երեւանը նշում է ծննդյան 2800-ամյակը, տարբեր տաղավարներում կան գաթաներ, թխվածքներ՝ նվիրված տոնին»,- մեզ հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: 

20-ից ավելի տաղավարները ներկայացնում էին ուսումնարաններ, խոհարարական ուղղվածություն ունեցող քոլեջներ, ռեստորաններ: 13 տաղավարները ծանոթացնում էին ազգային ու եկեղեցական տոների ժամանակ մատուցվող ուտեստներին:

Առաջին անգամ չէ, որ «Մեգերյան» ռեստորանը մասնակցում է նմանօրինակ փառատոնի, որտեղ ներկայացրել էր ռեստորանի ուտեստները (ներկայացուցչի խոսքով՝ բացառապես հայկական) եւ «Մեգերյան կարպետ»-ի գորգերը:

«Նման փառատոները ճանաչողական բնույթ ունեն. տեսնում, ճանաչում, օգտվում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլեւ տեղաբնակները: Ցավոք, տեղացիներից շատերն անտեղյակ են: Ներկայացնում ենք հայ մշակույթը»,- ասաց «Մեգերյան» ընկերության արվեստաբանը:

«Աննա եւ ընկերներ»-ն առաջին անգամ էր մասնակցում փառատոնին: Նրանք ներկայացնում էին Տյառնընդառաջի ավանդական ուտեստները՝ փոխինձը, հալվան, աղանձը, գաթան, փախլավան:

«Մարդիկ, գալով եւ տեսնելով մեր հայկական ավանդույթները, ուտեստները, այլ կերպ են վերաբերում մեր մշակույթին: Նման փառատոները նպաստում են տուրիզմի զարգացմանը»,- մեզ հետ զրույցում նշեց տաղավարը ներկայացնող Ազատ Սահակյանը:

Փառատոնի մասնակիցները մրցում են 3 անվանակարգերում՝  «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար», «Ամենագեղեցիկ ձեւավորված տաղավար»:

Անցյալ տարվանից մասնակիցները պատրաստում են նաեւ այլ ուտեստներ: Օրինակ՝ անցյալ տարի ներկայացվել էր «Երեւան» աղցանը, իսկ այս տարի «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը խոհարարներին հանձնարարել էր պատրաստել ուտեստ՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին:

Պատկերասրահ՝ «Համով-հոտով Երեւան - 2018» փառատոնը