Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-06-2018
Տեղի ունեցավ Մասիս Առաքելյանի համերգը
Հայկական ու գերմանական դասական երգեր՝ մեկ համերգում: Գերմանաբնակ հայ երգահան, տենոր Մասիս Առաքելյանը հայաստանցի հանդիսատեսին ներկայացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Երաժիշտը հայրենիքում երրորդ անգամ է համերգային ծրագրով հանդես գալիս:

«Մասիս Առաքելյանը վաղուց է հայ մշակույթը տարածում ամբողջ աշխարհում: Մենք, զրուցելով նրա հետ, հասկացանք, որ նա՝ որպես արվեստագետ, բավականաչափ ներկայացված չէ հայրենիքում, սակայն ունի երկար տարիների աշխատանք, այդ թվում՝ սեփական ստեղծագործությունները եւ մշակումները: Այդպես կարեւորեցինք այցը Հայաստան եւ հայ հանդիսատեսին ներկայանալը»,- մեզ հետ զրույցում նշեց համերգի կազմակերպիչներից Լիլիթ Հակոբյանը: 

«Կռունկ, Պոետի սերը» վոկալ երաժշտության համերգը նվիրված էր Էրեբունի-Երեւան 2800-ամյակին: Ծրագրում Կոմիտասի, Ռոբերտ Շումանի, Մասիս Առաքելյանի եւ հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն էին: 

Մասիս Առաքելյանը ծնվել է Սպահանում՝ հայկական ընտանիքում։ Նա 11 տարեկանում որպես մենակատար սկսել է իր եկեղեցական երգեցողության կրթությունը հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ։ 13 տարեկանում Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ Ավելի ուշ կրթություն է ստացել Բեռլինում՝ որպես դասական տենոր եւ կոմպոզիտոր։

Մասիս Առաքելյանը մշակում է հին եւ ժամանակակից հայկական, պարսկական եւ այլ լիրիկական ստեղծագործություններ՝ դասական երգեցողությամբ նոր հնչողություն տալով դրանց։ Շրջագայում է համերգներով՝ իր «Կռունկ» եւ «Երկխոսություն» ծրագրերով:

Պատկերասրահ՝ Մասիս Առաքելյանի մենահամերգը