Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-06-2018
Ռոբեր Գեդիգյանը մասնակցեց իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացմանը
Հունիսի 10-14-ը «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հունիսի 11-15-ը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կցուցադրվեն ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր ու սցենարիստ Ռոբեր Գեդիգյանի կինոնկարները: Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը հունիսի 10-ին բացվեց ռեժիսորի «Կիլիմանջարոյի ձյուները» կինոնկարով:
Չնայած այն հանգամանքին, որ ֆիլմի հերոս Միշելը աշխատանք չունի, բայց երջանիկ ապրում է Մարի Կլերի հետ: Նրանք երջանիկ են իրենց զգում իրենց ընտանիքի, ընկերների շրջապատում: Սակայն մի օր նրանց տուն ներխուժում են դիմակավորված, զինված մարդիկ եւ ամբողջությամբ ավերում շուրջբոլորը...

2018 թվականին Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված Ռոբեր Գեդիգյանը ծրագրի մեկնարկին փաստեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում: Նա մասնավորապես անդրադարձ կատարեց հայաստանյան վերջին զարգացումներին՝ փաստելով, որ ֆրանսիական բոլոր թերթերում կարդացել է, թե ինչպես են բոլորը երջանիկ ու ուրախ հայաստանյան հեղափոխությամբ. «Մենք էլ մեծ հույս ունենք ու վստահություն այդ ամենի հանդեպ: Հույս ունեմ, որ այն հարցերը, որոնք վեր են հանվում իմ ֆիլմերում, ձեզ էլ մտածելու առիթ կտան, կօգնեն  հաղթահարել ձեր առջեւ ծագած դժվարությունները»: 

«Նա ֆրանսիական կինոյի այն որակյալ, բարձրորակ ջատագովներից ու ստեղծողներից է, որ ամենայն սիրով եւ նվիրվածությամբ շատ կարեւոր խնդիրների մասին գեղարվեստական խաղարկային ֆիլմեր է անում: Գեղարվեստական լեզվով այդ խնդիրների հաղթահարումը էական դեր ունի հասարակության համար: Նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները մեզ հնարավորություն կտան անդրադառնալու իր մեծ արվեստին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը: 

Հավելենք, որ Գեդիգյանի բոլոր ֆիլմերը կցուցադրվեն ֆրանսերենով (անգլերեն ենթագրերով):