Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 10-06-2018
Թոմ Քաթինան տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով
«Ավրորա 2017»-ի մրցանակակիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան հունիսի 9-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Հանդիպման եւ վերականգնողական կենտրոնում շրջայց կատարելու նպատակով ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 



Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի, հարմարությունների, տեխնիկական հնարավորությունների եւ կենտրոնի վերաբերյալ մի շարք այլ մանրամասների մասին ներկաներին պատմեց բժշկական գիտությունների դոկտոր, 
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:



Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նախարարին ներկայացրեց զինհաշմանդամների առջեւ ծառացող առաջնահերթ խնդիրների, վիրավորում ստացած զինվորների՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու ներկայիս պայմանների անհարմարության, ժամանակատար լինելու եւ առողջական անդառնալի հետեւանքների մասին մտահոգությունները:



Այնուհետեւ ներկաները եղան կենտրոնի տարբեր սենյակներում եւ ծանոթացան վիրավոր ու հաշմանդամ զինվորականների շուտափույթ կազդուրման պայմաններին, վերականգնմանը միտված հնարավորություններին, տեխնիկական սարքավորումներին:



«Միակ լուծումը պատերազմներ չունենալն է: Իսկ քանի դեռ մենք ունենք պատերազմներ եւ դժբախտ պատահարներ, մեզ անհրաժեշտ են այսպիսի կենտրոններ: Ես շատ տպավորված եմ: Միակ բանը, որ մենք կարող ենք անել, դա այս երիտասարդներին խնամելն է»,- ասաց Թոմ Քաթինան՝ խոստովանելով, որ թեեւ Քենիայում չունեն այսպիսի կենտրոններ, այնուամենայնիվ ունեն շատ հիվանդներ, ովքեր կարիք ունեն նման բուժման: 



Շրջայցից հետո Քաթինան անկեղծացավ եւ ասաց, որ իրեն ամենից շատ զարմացրել է Zero-G քայլվածքի եւ հավասարակշռության համակարգը: Այն տարածաշրջանում միակն է եւ քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն միջոցներից է: 

Հ.Գ.: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չպատասխանեց լրագրողներին հարցերին՝ նշելով, որ կանդրադառնա ավելի ուշ: