Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-06-2018
«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը». նոր ներկայացում Պատանի հանդիսատեսի թատրոնում
Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում նոր ներկայացում է. հունիսի 8-ին ներկայացվեց հանրահայտ ամերիկացի գրող Օ` Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքի հիման վրա իրականացված համանուն բեմադրությունը:

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» թատերասերներին հնարավորություն կտա մեծահասակների մեջ փնտրել մանուկներին եւ թույլ չտալ, որ հասուն մարդիկ կորցնեն իրենց  երազները:

Ներկայացման բեմադրիչն Արթուր Սարիբեկյանն է: Նա ասում է՝ այդ գործը քիչ է բեմադրվել Երեւանում, եւ այդ փաստը պարտավորեցնող է: Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջին անգամ է աշխատում որպես բեմադրիչ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի հրավերով: Ի դեպ, վերջինս էլ հավելում է, որ թատրոնում հաճախ կտեսնենք երիտասարդ, տաղանդավոր բեմադրիչների: 

«Աշխատանքը շատ պարտավորեցնող է, որովհետեւ հեղինակն էլ շատ պարտավորեցնող է: Երբ աշխատում ես դասական դարձած հեղինակի գործի հետ, պարտավորություններդ ավելանում են, եւ ավելորդ չէր լինի ասել, որ ամեն փորձին հուզվել, փշաքաղվել եմ: Օ` Հենրին խոսում է մարդկանց երազանքների մասին, բեմում փոքր երեխա է, ով շատ ավելի հասուն է, քան այն մարդիկ, ովքեր իրենից տարիքով մեծ են: Օ` Հենրիի «հետ» աշխատելը պատիվ էր»,- մեզ հետ զրույցում նշեց բեմադրիչ Արթուր Սարիբեկյանը: Նա հավելեց, որ բեմադրությունն արված չէ կոնկրետ տարիքային խմբի համար, այն 0-100 տարեկանների համար է: 

«Մեծ ցանկություն ունեմ էլի աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում, դերասանների հետ հաճելի է աշխատել, նրանք զգում են թատրոնի զարկերակը»,- շեշտեց Արթուր Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ բեմադրությանը փորձել է տալ անսովոր լուծումներ: Բեմադրիչը փաստում է՝ փորձել են այնպես անել, որ յուրաքանչյուր տեսարան անսպասելի լինի: Հետաքրքիր բեմանկարչական լուծումներ է առաջարկել երիտասարդ բեմանկարիչ Մարիամ Մուրադյանը:

«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ամերիկացի գրող Օ՝․ Հենրիի հումորային պատմվածքն է։ Ալաբամա քաղաքի քաղաքներից մեկում երկու տղամարդ առեւանգում են մի տղայի եւ փրկագին պահանջում։ Իսկ արդյունքում տղամարդիկ իրենք են ստիպված լինում վճարել տղայի հորը՝ նրան վերադարձնելու եւ փախչելու համար։

Պատմության չարաճճի հերոսները, ըստ նախաձեռնողների, անշուշտ, կգրավեն փոքրերի ուշադրությունը, իսկ մեծերին կհիշեցնեն իրենց անհոգ մանկությունը: Այս աշխատանքի ասելիքը հետեւյալն է`մեծերի մեջ փնտրել մանուկներին, լույս աշխարհ հանել ու չթողնել, որ նրանց մեջ վերանան երազները: 

Պատկերասրահ՝ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը». նոր ներկայացում