Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-06-2018
Ամերիկացի հայտնի լուսանկարիչ Ադամ Կաց-Սինդինգը Հայաստանում է
Ադամ Կաց-Սինդինգն այն բացառիկ լուսանկարիչներից է, ով ինքնուս է, սակայն նրա լուսանկարները տեղ են գտել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են՝ «Vogue Australia», «Vogue Russia», «Teen Vogue», «W Magazine», «Numero China», «InStyle Germany», «Elle France», «Elle UK», «Elle Russia», «Cosmopolitan» եւ այլն:

Հայտնի լուսանկարիչն Instagram-ում ունի 500 հազարից ավելի հետեւորդ: 

Ժամանակին հյուրանոցում աշխատանքային գործունեությունը սկսած Ադամը լուսանկարչության ոլորտում իր առաջին քայլերը կատարել է 2002 թվականին: 

«Դրանից առաջ ես երբեք չէի լուսանկարել, սակայն ամեն դեպքում վատ չէին ստացվել: Իհարկե, երբ դրանք ես հիմա նայում եմ, ապա իրական սարսափ են, սակայն այն ժամանակ դրանք ինձ համար հիանալի էին»,- անկեղծացել է Ադամը: 



 

Լուսանկարչի կարեւոր ձեռքբերումներից է «This Is Not a F*cking Street Style Book» անունը կրող գիրքը: Գիրքը կոչվել է այնպես, ինչպես նրա բլոգը, որը ստեղծվել է 2011 թվականին: 224 էջից բաղկացած այդ գրքում ներառված են նորաձեւության հետ կապված լուսանկարներ, բացառիկ կադրեր, փողոցային լուսանկարներ: 



 

«Ինձ երբեք դուր չի եկել «փողոցային ոճը», քանի որ ես կարծում եմ, որ այն ձանձրալի է, մակերեսային, կենտրոնացած ընթերցողներին իրեր վաճառելու վրա»,- ասել է նա:



 

Ադամ Կաց-Սինդինգը #NoFreePhotos շարժման մասնակիցներից է, ով դեմ է, որ հանրահայտ մարդկանց լուսանկարները բլոգներում անվճար օգտագործեն: 

Քչերը գիտեն, սակայն նա համարվում է լավագույն «street style» լուսանկարիչը, ով գոհացրել է այնպիսի հայտնի մոդելային դեմքերի, ինչպիսիք են Աննա Վինտուրը, Կարին Ռոիթֆելդը, Աննա Դելլո Ռուսսոն եւ այլք: 



«Ես մարդկանց ցուցադրում եմ լուսանկարներ ամբողջ աշխարհից: Ես փորձում եմ փոխանցել այն, ինչը երբեք չեն բարձրաձայնում, սակայն խոսքը բրենդների եւ հայտնի մոդելային դեմքերի մասին չէ, այլ թե ինչպես է նորաձեւությունը մարդկանց թույլ տալիս խոսել առանց բառերի: Առավել շատ ինձ գրավում է, երբ մարդիկ արտահայտվում են ժեստերի եւ միմիկայի միջոցով: Սակայն ամենալավն այն է, երբ տեսնում ես, որ մարդը հագնված է այնպես, ինչպիսին իր բնույթն է՝ անհատականությունը»,- ասել է Ադամը: 



Ադամը, մշտապես առնչվելով նորաձեւության ոլորտի հետ, այն կարծիքին է, որ նորաձեւությունը թույլ է տալիս որոշ մարդկանց դիմակ կրել: Չնայած դժվար է, սակայն լուսանկարիչն աշխատում է հնարավորինս հեռու մնալ ճոխությունից ու գլամուրային դեմքերից: Նա մշտապես փնտրում է անձի ինքնատիպ տեսակների, որոնց մոտ արտահայտված է անհատականությունը: Ըստ նրա՝ մարդիկ այն են, ինչպես հագնված են սովորական օրերին: 

«Անհրաժեշտ է հարմարվել, ընտրել անսովոր անկյուն եւ անել այն, ինչը քեզ կտարբերի մյուսներից: Ես հասնում եմ իդեալական արդյունքի»,- նշել է լուսանկարիչը: 

Նյութի աղբյուրները՝  

https://dorohins.com/personality/interview/adam-katz-sinding-le-21eme.html 
https://look.tm/heroes/7598-adam-kats-sinding-izvestniy-fashion-fotograf-nyu-yorka-ya-by-ni-za-chto-ne-kupil-sumku-hermes-z/ 
https://www.lofficielrussia.ru/pop-culture/adam-katz-sinding-book