Նյութը՝ «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ից
Տեղադրվել է 06-06-2018
Սցենարների հանրապետական մրցույթ
«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է հեռուստատեսային խաղ-շոուի սցենարների հանրապետական մրցույթ:

Ովքե՞ր կարող են դիմել

Մրցույթին կարող են մասնակցել սցենարիստներ, անհատ ստեղծագործողներ եւ այն անձինք, ովքեր հետաքրքրված են։

Նպատակը

Սցենարի նպատակն է ի ցույց դնել համայնքապետի եւ/կամ ավագանու օրինակելի մոդել/ներ։ Հեռուստախաղի արդյունքում ժյուրիի եւ հեռուստադիտողների ձայների մեծամասնությամբ պիտի հաղթի այն մասնակիցը, ով տեղական ինքնակառավարման խնդիրներին օրենքի ոգուն եւ տառին համապատասխան լուծումներ կտա։

 

Սցենարում պետք է նկարագրվեն տեղական ինքնակառավարման բարդ իրավիճակներ, համայնքի անդամների, հարեւան համայնքների, Ազգային ժողովի, Կառավարության, բիզնեսների, դոնորների եւ այլոց հետ կապված խրթին իրավիճակներ։ Խաղի մասնակիցները պիտի ցուցաբերեն հմտություններ եւ օրենքների իմացություն՝ իրավիճակներից դուրս գալու համար։ 

 

Զուգահեռաբար խաղը պետք է ծառայի որպես կրթական գործիք հանրության ավելի լայն լսարանի համար՝ հասկանալի դարձնելու ժողովրդավարական օրակարգի ձեւավորման եւ տեղական ինքնակառավարման մասնակցային գաղափարախոսությունը։

 

Ինչպիսի՞ն պետք է լինի սցենարը

Հեղինակներն ազատ են առաջարկելու հեռուստախաղի ձեւաչափը եւ իրականացման եղանակը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ նկարահանման համար հատկացվելու է 2 ամիս, ուստի ենթադրվում է, որ հեռուստախաղը 3 մրցակցային փուլ կունենա, յուրաքանչյուրը՝ 30-40 րոպե տեւողությամբ։ 

Առաջարկված սցենարները պետք է ներկայացնեն եւ արտացոլեն Հայաստանում ժողովրդավարական կառավարման մարտահրավերները եւ քվեարկության համակարգը։

Այն պետք է լինի դինամիկ՝ դերակատարներին դնելով բարդ իրավիճակների մեջ, որոնցից դուրս գալու համար նրանք պետք է մշակեն ռազմավարություններ/մարտավարություն: Ինտերակտիվ բաղադրիչը պարտադիր է, քանի որ հեռուստադիտողները պետք է հնարավորություն ունենան արձագանքելու, մեկնաբանելու, հարցեր տալու եւ, ի վերջո, քվեարկելու համար:

Մրցանակը

Լավագույնը ճանաչված սցենարի հիման վրա կնկարահանվի հաղորդում եւ եթեր կհեռարձակվի Շիրակի մարզային հեռուստատեսությամբ։  Հաղթող մասնակիցը կպարգեւատրվի 150.000 ՀՀ դրամով:

Ե՞րբ է դիմելու վերջնաժամկետը

Սցենարները կարող եք ներկայացնել մինչեւ 2018 թվականի հունիսի 20-ը։

Ինչպե՞ս մասնակցել

Մրցույթին ներկայացվող սցենարները եւ մասնակցության հայտադիմումը  կարող եք ուղարկել logosngo@gmail.com կամ infologosngo@gmail.com էլ. հասցեներին` թեմայի տողում նշելով՝ «Սցենարի մրցույթ»։

Հայտադիմումում պետք է անպայման լրացնել բոլոր դաշտերը:

Լրացուցիչ տեղեկատվություն

«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն երաշխավորում է Ձեր հեղինակային իրավունքների պաշտպանությունը:

Մրցութային հանձնաժողովի կողմից կարող են ընտրվել տարբեր հայտատուների կողմից ներկայացված սցենարների մասեր եւ այդ դեպքում կազմակերպության կողմից նախատեսված դրամական պարգեւը հավասարաչափ կբաշխվի ընտրված հայտատուների միջեւ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 093/041 053330 հեռախոսահամարներով: