Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-06-2018
Կայացավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնի գալա համերգը
Հունիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնի գալա համերգը:

Փառատոնը նախաձեռնել եւ կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) աջակցությամբ: 

Փառատոնին, որի մեկնարկը տրվել էր հունիսի 2-ին, մասնակցում էին ավելի քան 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ` Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից,  Ֆրանսիայից, Իսպանիայից, Իրանից, Վրաստանից: 

Փառատոնի հանդիսավոր փակմանը պատանի մենակատարները ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ):

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը նշեց, որ փառատոնն ինքնին առանձնահատուկ է, քանի որ արդեն 8-րդ տարին է, ինչ անցկացվում է՝ պատանի երաժիշտ-կատարողներին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն տալով: 

«Շնորհակալ ենք Էդուարդ Թոփչյանին նման հնարավորության համար: Յուրաքանչյուր պատանու համար, ով ելույթ է ունենում այդպիսի մակարդակի նվագախմբի հետ, շատ կարեւոր եւ պարտավորեցնող է: Ամեն տարի փառատոնը յուրահատուկ ընթացք է ունենում, քանի որ մասնակիցները շատ տարբեր են եւ տաղանդավոր: Պատանի երաժիշտներին հայեցի դաստիարակելու, մեր Հայաստանին սիրահարեցնելու նպատակ կա: Վստահորեն կարող եմ ասել, որ դա հիանալի հաջողվում է»,- ասաց նա:

Նշենք, որ այս տարի փառատոնի երաժիշտների մեծ մասը հայազգի շնորհաշատ պատանիներ են, ովքեր մեծանում են հայրենիքից հեռու, սակայն փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու մշակույթին։ 

Պատկերասրահ՝ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնի գալա համերգը