Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-05-2018
Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումի մասնակիցները Հայաստանի, թատերական ոլորտի եւ տպավորությունների մասին
Երեւանում մայիսի 15-21-ն անցկացվեց ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը, որի շրջանակում Հայաստան էին ժամանել 12 երկրների երիտասարդ թատերական գործիչներ՝ բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ եւ թատերական քննադատներ:
Eritasard.am-ի հետ զրույցում մասնակիցներից երկուսը պատմում են թատերական 3-րդ ֆորումին մասնակցելու, Հայաստան այցելելու եւ տպավորությունների մասին: 

Ալթինայ Իմանբեկովա 
Թատերական քննադատ, Ղրղզստան
 
Առաջին անգամ եմ Հայաստանում, ինձ շատ դուր է եկել ձեր քաղաքը՝ Երեւանը, շատ ջերմ է, ինչ-որ յուրահատուկ, հանգիստ կյանքի ռիթմ ունի: Այստեղ շատ գեղեցիկ կանայք են ապրում: Ես ինքս պոետ եմ, իմ ստեղծագործությունները հրատարակվում, լույս են տեսնում մեր երկրում, Ռուսաստանում: Թատրոնում աշխատում եմ վերջին երկու տարին: Երեւի թե իմ կոչումն է զբաղվել թատերական քննադատությամբ: Հասցրել եմ մասնակցել բազում թատերական փառատոների: 

...Ֆորումի շրջանակում Հայաստանում մի շարք թատերական ներկայացումներ ենք նայել: Հայաստանյան ներկայացումներից առանձնանում է Տաթեւիկ Մելքոնյանի «Я здесь»-ը: Դերասանները շատ լավ էին խաղում, հենց սկզբից մինչեւ վերջ շատ լավ պահեցին դահլիճը: 

Ֆորումի մասնակիցներն ԱՊՀ բազում երկրներն են, եւ իմ կարծիքով՝ այն ստեղծվել է ռուսերենն այդ երկրներում պահպանելու նպատակով: Նման ֆորումներ պետք է միշտ լինեն, մարդիկ կիսվում են իրենց փորձով, նորույթներ սովորում ուրիշներից: 

…Ղրղզստանում արվեստի գործիչները շատ ցածր աշխատավարձ են ստանում, նրանք ընտրում են այս կամ այն մասնագիտությունն այն պատճառով, որ դա իրենց կոչումն է: Մեր թատրոնների հիմնական խնդիրներից է հանդիսատես ներգրավելը: Մեր երկրում ավելի շատ սիրում են կա՛մ դրամաներ, կա՛մ կոմեդիաներ դիտել, հոգեբանական ներկայացումներն այնքան էլ մեծ ժողովրդականություն չեն վայելում: 
 
Գաֆուր Մարդանով
Բեմադրիչ, Ուզբեկստան 
 
Այս պահին Տաշքենտի դրամատիկական թատրոնում աշխատում եմ որպես ռեժիսոր: 10-15 ներկայացում ունեմ այդ թատրոնում: 

…Առաջին անգամ մասնակցում եմ այս ֆորումին: Հիանալի նախաձեռնություն էր, շատ մեծ հաճույք ստացա: Ամեն օր նոր, տարբեր ներկայացումներ եմ նայել, նոր ներկայացումներ տարբեր երկրներից, որոնք ինձ մոտ տարբեր մտքեր, գաղափարներ են առաջացրել: Այստեղ շատ ընկերներ ունեմ, խոսում ենք, կիսվում մտքերով, նայում ենք ներկայացումները, միասին քննարկում: 

…Ամենակարեւորը՝ շատ եմ հավանում Հայաստանը, հիանալի երկիր է: Շատ ներկայացումներ են դուր եկել: 

…Բոլոր երկրների արվեստի ոլորտում խնդիրներ կան, կարծում եմ, որ եթե մենք սովորենք, առաջ գնանք, զարգանանք, ապա ոչ մի խնդիր չենք ունենա: 

Հ.Գ.: Նշենք, որ ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումի կազմակերպիչներն էին Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ֆորումի կազմակերպիչների նպատակը ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների եւ թատերական քննադատների) միջեւ ստեղծագործական շփումների ամրապնդումն է, ինչը, անկասկած, խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ գործակցելու համար:

Երեւանյան ֆորումի մասնակից երկրներն էին Հայաստանը, Լատվիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Լիտվան: