Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-05-2018
Այսօր Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1987 թվականից ամեն տարվա մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի օր»: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000 թ.-ից:
Առողջության վրա ծխախոտի ազդեցությունը հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաեւ առաջացնում է հոգեբանական, իսկ հետագայում նաեւ կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետեւանքով: Այսօր գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներում արգելված են ծխախոտի գովազդը եւ հասարակական վայրերում ծխելը:
 

 
Մասնագետներն այն կարծիքին են, որ ծխելու դեմ պայքարի լավագույն տարբերակն առաջին հերթին մեծ ցանկությունն է. այն է՝ մարդ պետք է գիտակցի, որ այդպիսով վնաս է հասցնում ոչ միայն իր առողջությանը, այլեւ շրջապատին: Շրջապատն էլ առաջին հերթին ընտանիքն է: 


 
Օրվա շրջանակում աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետեւանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը եւ գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից: 
 
Միջոցառումներ եւ ակցիաներ օրվա ընթացքում կլինեն նաեւ Հայաստանում: 

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ «Armenian Volunteer Corps»-ի եւ «Birthright Armenia»-ի կամավորները որոշել են ծխախոտի մնացորդներից մաքրել Օղակաձեւ զբոսայգին: Մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին: 
ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը «Եղի՛ր տեղեկացված» ՀԿ-ն ԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպում է «Մաքուր օդ» մանկական նկարչական միջոցառումը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Մեկնարկը 18:00-ին կտրվի Ազնավուրի հրապարակում:
Չծխելու համաշխարհային օրվան ընդառաջ «ՍՏՈՊ» ակումբը, կարեւորելով սպառողների, հատկապես երեխաների առողջությունը, մայիսի 3-ին ակումբի տարածքը հայտարարում է ծխախոտի ծխից ազատ գոտի։
Չծխելու համաշխարհային օրվան ընդառաջ «ԷՕՆ»-ում մայիսի 31-ին՝ ժամը 18։00-ին, ցուցադրվելու է Ջեյսոն Ռայթմանի «Շնորհակալություն ծխելու համար» ֆիլմը։