Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-05-2018
Ինչո՞ւ են ամերիկյան սերիալները հետաքրքիր ու հաջողված, իսկ հայկականները՝ ոչ
Հայաստանում դժվար թե գտնենք որեւէ մեկին, ով գոնե մեկ ամերիկյան սերիալ չի նայում: Ամերիկյան սերիալները մուտք են գործել մեր երկիր՝ դառնալով մեր իրականության անբաժան մասը:

Ընդ որում՝ ի տարբերություն հնդկական սերիալների (որոնք, ի դեպ, մեկ այլ ստվար զանգվածի ամենասիրելի սերիալներն են), որոնք ունեն նմանատիպ սյուժե եւ գրեթե միանման կերպարներ, ամերիկյան կինեմատոգրաֆը ստեղծում է բազմաժանր, բազմաշերտ ու տարբերվող կերպարներ: Յուրաքանչյուրը հեռուստասերիալի տեսքով կգտնի իր հետաքրքիր ժամանցն անցկացնելու հետաքրքիր ու օգտակար եւ հաճախ զարգացնող տարբերակ: Եթե նախկինում մարդիկ միացնում էին հեռուստացույցն ու փորձում ինչ-որ հետաքրքիր բան որսալ, ապա այսօր հեռուստացույցը մղվել է երկրորդ պլան: 

Ամերիկյան սերիալներն առաջին հերթին գրավում են խճճված սյուժեի ու դերասանական մեծ վարպետության շնորհիվ: Սերիալների սյուժեներն ընտրվում են մանրակրկիտ կերպով: Դե՛, նկարահանման որակի մասին էլ ընդհանրապես կարելի է չխոսել: 

Ամերիկյան սերիալների հաջողությունը բազմաժանր տարատեսակներ ներառելն է: Դետեկտիվներ, դրամաներ, կատակերգություններ, ֆենթեզի, քրեական եւ այլ սերիալներ. այդ հեռուստասերիալները ողողել են համացանցը:

Շատ հաճախ ամերիկյան սերիալներում կարելի է նկատել ունիվերսալ պատմություններ: Թվում է, թե գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, սակայն սյուժեն այնպիսին է, որ դեպքերը կարող էին տեղի ունենալ բոլորի հետ, եւ դիտողը հերոսների հետ վերապրում է ողջ ընթացքը: Ըստ փորձագետների՝ ամերիկյան սերիալային ինդուստրիայում այսօր նոր միտում է առկա, այն է՝ ոչ թե զվարճացնել, այլ զգացմունքներ առաջացնել ֆիլմը դիտողների շրջանում: Եվ ահա այս համատեքստում էլ գործում են անկանխատեսելի վերջաբանները, որոնք հատուկ են վերջին տարիների ամերիկյան սերիալներին: Ընդ որում՝ հեփի էնդն այնքան էլ պարտադիր չէ:

Մեկ սերիա՝ մեկ շաբաթվա ընթացքում կամ էլ մեկ ամբողջական սեզոն, որը համացանց է ներբեռնվում նույն օրը: Սերիալային ինդուստրիան կա՛մ ստիպում է շաբաթն ընդամենը մեկ, հիասքանչ նկարահանված ու մտածված սերիա նայելու հաճույքը վայելել, կա՛մ էլ տարին մեկ անգամ մեկ օրում նայել ամբողջական սեզոնը՝ այդպիսով չձգձգելով բերկրանքը: 

Ամերիկյան հեռուստասերիալներում գլխավոր հերոսները շատ են, ինչը հնարավորություն է տալիս սյուժետային բազում գծեր առաջ քաշել: Յուրաքանչյուր սերիալում ամենաքիչը 6-7 հետաքրքիր անցյալ ու ներկա ունեցող հերոս կա: Կերպարներն էլ բացարձակ կարծրատիպային չեն: Բացի դրանից՝ հետաքրքրական են հերոսների բնավորությունները: 

Եթե ուշադիր եք նայել, օրինակ, «Դոկտոր Հաուզ», «Գահերի խաղը», «Դաունթոնի աբբայությունը» հեռուստասերիալները, ապա կնկատեք, որ այստեղ առկա են բարդ բնավորություններ ունեցող հերոսներ: Եվ նրանց ամբողջությամբ բացահայտելու, ճանաչելու համար տարիներ, սեզոններ են պահանջվում: Բացի դրանից՝ մեծ թվով հերոսների ներկայությունը թույլ է տալիս ցուցադրել տարբեր կոնֆլիկտների առկայություն: 

Այս համատեքստում կարելի է վստահաբար ասել, որ հայաստանյան հեռուստասերիալներն ամերիկյաններից սովորելու շատ բան ունեն: Նախ՝ հայաստանյան սերիալներում մանրակրկիտ աշխատանք չի տարվում յուրաքանչյուր դրվագի նկարահանման համար: Առկա է սցենարական բաց. եթե ամերիկյան հեռուստասերիալներում ամեն մի դրվագ մեկ իսկական կինոնկար է հիշեցնում, ապա հայկական հեռուստասերիալների առնվազն 4-5 սերիա հնարավոր է 15 րոպեի մեջ տեղավորել: Դրանից զատ՝ առկա է դերասանների վարպետության խնդիր. hայաստանյան սերիալների մեծ մասում դերասաններն ընդհանրապես համոզիչ չեն խաղում, կերտած կերպարներն էլ, մեղմ ասած, հետաքրքիր չեն: Ավելին՝ առկա են բազում կարծրատիպային կերպարներ: 

Հայկական կինոինդուստրիայում չկան տարբեր ժանրերի սերիալներ. հիմնականում դրամաներ, մելոդրամաներ, կատակերգություններ կամ քրեական աշխարհի կյանքը ներկայացնող սերիալներ են: Այնինչ աշխարհում այլ հետաքրքիր ժանրեր էլ կան, որոնք լավ կլիներ նույնպես ներառել: 

Հայոց պատմությունը, օրինակ, յուրահատուկ թեմաների իսկական գանձարան է. կարելի է շատ հետաքրքիր պատմական հեռուստասերիալ ստեղծել եւ այդպիսով նաեւ գրավել աշխարհի ուշադրությունը: Չէ՞ որ այսօր պատմական արտադրանքը հետաքրքիր ուշադրության է արժանանում: 

Հուսանք, որ մեր սերիալներն էլ ինչ-որ մի օր այնքան հետաքրքիր կդառնան, որ դուրս կգան միջազգային ասպարեզ՝ նվաճելով նոր սահմաններ: