Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-05-2018
«Ռեալը» պատմական արդյունք գրանցեց՝ նվաճելով «13-րդը»
Կիևի «Օլիմպիական» ստադիոնում կայացավ եվրոպական ակումբային ֆուտբոլի մրցաշրջանի գլխավոր խաղը. Մադրիդի «Ռեալը» ուժերը չափեց անգլիական «Լիվերպուլի» հետ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Օլիմպիական» ստադիոնը բաժանել էր «կարմիրների» և «սպիտակների» անհավանական ու դիտարժան պայքարի. երկրպագուներն էլ ամբողջ խաղի ընթացքում վանկարկում էին՝ աջակցելով իրենց սիրելի թիմերին:
 
Չնայած առաջին խաղակեսում թիմերը կորուստներ ունեցան, սակայն դա չխանգարեց գոլառատ ֆուտբոլի կայացմանը: Անսպասելիորեն ուսի վնասվածք ստացավ «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը, որին կոշտ պայքարում գետնեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Քիչ ավելի ուշ՝ խաղային պարզ իրավիճակում գնդակը կրնկով հետ փոխանցելու արդյունքում վնասվածք ստացավ և ստիպված փոխարինվեց արդեն «Ռեալի» ֆուտբոլիստը՝ Դանի Կարվախալը:


 
Երկրորդ խաղակեսի մեկնարկին անհավանական սխալ թույլ տվեց «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը: Անսպասելի իրավիճակում շահողը և գոլ խփողը Կարիմ Բենզեման էր: Դրվագն իսկապես զավեշտի է նման. «Լիվերպուլի» դարպասապահը գնդակը փորձեց ձեռքով նետել առաջ, երբ Կարիմ Բենզեման պարզապես առաջ մեկնեց ոտքը և գնդակը հայտնվեց անգլիական ակումբի դարպասում:
 
Մի քանի րոպե անց չընկճված «կարմիրները» խփեցին պատասխան գնդակը: Անկյունայինի խաղարկումից հետո ճիշտ պահին ու ճիշտ տեղում էր հայտնվել Սադիո Մանեն: Հարձակվողը հանդիպման հաշիվը դարձրեց 1-1:
 
Դեռ շուրջ 30 րոպե կար հանդիպման ավարտին, երբ Զինեդին Զիդանը որոշեց խաղադաշտ դուրս բերել կրկին պահեստայինի կարգավիճակ ստացած Գարեթ Բեյլը: 63-րդ րոպեին ֆանտաստիկ, շրջադարձ հարվածով գոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը: Վալիացին չհանգստացավ. ապացուցելու շատ բան կար ոչ միայն գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, այլեւ թիմակիցներին ու «Ռեալի» երկրպագուներին:

 
Խաղի 83-րդ րոպեին Գարեթ Բեյլը հեռահար հարված կատարեց դեպի մրցակցի դարպասը: Թվում էր, թե շատ պարզ հարված է իրականացված և խնդիրներ չեն լինի դարպասապահի համար, սակայն.... այդ ամենը միայն թվում էր: «Լիվերպուլի» դարպասապահը փորձեց որսալ կամ գուցե հեռացնել ուղիղ դեպի իր կողմը եկող գնդակը, բայց... այս խաղում երկրորդ կոպիտ սխալը թույլ տվեց եւ բաց թողեց 3-րդ գնդակը:
 
Սա արդեն լուրջ հայտ էր «սերուցքայինների» կողմից: Մնում էր, որ աչքի ընկնի նաև Քրիշտիանու Ռոնալդուն, ով խաղի ընթացքում մի քանի լավ պահ ունեցավ, սակայն այդպես էլ չկարողացավ թիմակիցների և իր ջանքերը գոլի վերածել: Չստացվեց պորտուգալացու մոտ խաղը, ինչն ուղղակի ակնհայտ էր: Մի դրվագում էլ Գարեթ Բեյլը մի փոքր հապաղեց եւ չփոխանցեց գնդակը լավ դիրքում գտնվող թիմակցին:


 
Ինչեւէ, այսօր Մադրիդում նոր հերոս կա՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, կամ գուցե նոր հերոսներ են լինելու, քանի որ թե՛ վալիացին, թե՛ պորտուգալացին խաղից հետո բավականին զարմանալի հայտարարություններ են արել՝ մշուշոտ դարձնելով իրենց հետագա կարիերան Իսպանիայի մայրաքաղաքում: Երկու ֆուտբոլիստներն էլ հայտարարել են, որ քննարկելու հարցեր կան, և դրանց լուծումն է թույլ տալու, որ իրենք մնան Մադրիդում, հակառակ պարագայում հեռանալը որպես լուծում են տեսել: 
 
Վերջ ի վերջո, «Արքայական» ակումբը հաղթեց 3-րդ անընդմեջ եզրափակիչում: Կրկին գոլառատ խաղ ստացվեց՝ 3-1 հաշիվ գրանցելով: 13-րդ անգամ «Ռեալը» տիրեց Չեմպիոնների լիգայի գավաթին՝ դառնալով ոչ միայն միակը իր հաղթանակների թվով այս մրցաշարում, այլեւ բացառիկը. թիմը գրեթե կես դար չի պարտվել եզրափակիչներում: