Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-05-2018
Կայացավ «Հոդված 3» իրավունքի փառատոնի փակման արարողությունը
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մայիսի 16-23-ն առաջին անգամ Հայաստանում անցկացրեց մարդու իրավունքների փառատոն՝ «Երիտասա՛րդ, արի՛ սովորենք» խորագրով։

Փառատոնի նպատակն էր հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ձեւավորել մարդու իրավունքների գնահատման եւ վերաարժեւորման մշակույթ։

Մայիսի 24-ին «Հոդված 3» ակումբում կայացավ «Հոդված 3» իրավունքի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը եւ այլք: 



«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Գայանե Աբրահամյանի խոսքով՝ այդ մեկ շաբաթը, ինչ ընթանում էր փառատոնը, շատ ակտիվ շաբաթ էր՝ նոր մշակույթի իրավունքի մասին խոսելու շաբաթ. «Մենք միշտ արձանագրում ենք խախտումները՝ խոսելով մարդու իրավունքների մասին, սակայն հայաստանյան վերջին իրադարձությունները թույլ տվեցին վերաարժեւորել մարդու իրավունքները: Մենք վերջին մեկ ամսվա ընթացքում զգացինք, թե ինչ է իրավունքը: Ավելին, իրավունքի փառատոնը, որն առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանում, պատահական խորագիր չէր կրում. «Երիտասա՛րդ, արի՛ սովորենք»:  Այս ընթացքում մի շարք միջոցառումներ, հանդիպումներ, համերգներ եւ քննարկումներ ենք ունեցել, որոնք առանձնացել են իրենց կարեւորությամբ»:



ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, խոսելով փառատոնի անցկացման կարեւորության մասին, մասնավորապես ասաց. «Մեծ պատիվ է գտնվել այստեղ եւ այս միջոցառմանը մասնակցել ականավոր գործիչների հետ: Շնորհակալություն «Հոդված 3»-ի նախաձեռնող խմբին՝ նման կարեւոր փառատոնի անցկացման  համար: Անշուշտ, հայաստանյան իրադարձությունները քաղաքացիական ակտիվութան դրսեւորումներ արձանագրեցին: Մենք տարբեր կառույցների աջակցությամբ ամեն կերպ շարունակելու ենք աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ տարվող քայլերը պետք է լինեն սկզբունքներին համահունչ»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ, ընդգծելով փառատոնի՝ մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու կարեւորությունը, նշեց, որ մարդու իրավունքները ԵՄ քաղաքական գործունեության առանցքն են: 



«Պատահական չէ, որ այս փառատոնը համընկավ ՀՀ կառավարության՝ մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության ժամանակահատվածի հետ, որը մենք պարբերաբար իրականացնում ենք ՀՀ կառավարության հետ: Պետք է փաստեմ, որ շատ երկրներում մարդու իրավունքների մասին խոսելը, այսպես ասած, հարմար չէ, սակայն Հայաստանում այն կարեւոր է: Մարդիկ պետք է իրազեկ լինեն իրենց իրավունքների մասին: Պետության եւ մի շարք կառույցների պարտականությունը մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն է: Իհարկե, այդ ամենի համար պետք է շատ աշխատել: Վստա՛հ եղեք, որ պետական կառույցների եւ գործընկերների հետ մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Ոչ պակաս կարեւոր են քաղաքացիական հասարակության դերն ու գործունեությունը: Հիշե՛ք՝ ձեր գործողություններն ու քայլերը հիմա ավելի անհրաժեշտ են, քան նախկինում»,- ասաց դեսպանը եւ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար:



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարեւորելով նմանօրինակ միջոցառումների անցկացումը, փաստեց, որ շատ կարեւոր է իրավական գիտելիքների տարածումը: ՀՀ ՄԻՊ-ը խոստացավ ամեն ջանք գործադրել՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար. «Ես եւս կարեւորում եմ քաղաքացիական հասարակության գործունեությունը, ուստի պատրաստ եմ աջակցել եւ նպաստել աշխատանքների խթանմանը»: 

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն էլ փաստեց, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է եղել: Վերջինս կարեւորեց երիտասարդության ներգրավվածությունը, քանի որ նրանք այդ մեկ շաբաթվա ընթացքում ակտիվ գործունեություն ծավալեցին, դրան զուգահեռ՝ սովորեցին եւ ուսումնասիրեցին մարդու իրավունքները: 



Նշենք, որ փակման արարողության ժամանակ հայտարարվեցին փառատոնի շրջանակում անցկացված լուսանկարների, գեղանկարների եւ մարդու իրավունքներին առնչվող ուղերձների մրցույթների հաղթողների անունները։ Մրցանակների արժանացան Լիանա Կարապետյանը, Անահիտ Ազիզյանը, Տիգրան Էլոյանը, Անի Անտոնյանը եւ այլք: 

Փառատոնի գործընկերները՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՄԻՊ գրասենյակն ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը, հատուկ մրցանակներ հանձնեցին մրցույթի մասնակիցներին։