Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-05-2018
Երեւանում կայացավ գեղասահքի բաց առաջնությունը
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մայիսի 16-18-ն անց է կացվել 5-15 տարեկան մարզիկների բաց առաջնությունը։

Մասնակցել են 100-ից ավելի մարզիկներ Հայաստանից, Լատվիայից, Ռուսաստանից եւ Կիպրոսից։ Օտարերկրացի մարզիկները 10-ն էին, ուստի տրամաբանական էր, որ  մրցանակների առավել շատ արժանացան  հայազգի մարզիկները։

«Հայ մարզիկները Հայաստանում մարզվում են  2 տարի, ուստի,  մարզիչների հավաստմամբ, նրանք դեռ աշխատելու տեղ ունեն»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստանում հատկապես մեծ թիվ են կազմում պատանի գեղասահորդները. դպրոցում մարզվողների թվի պակաս չկա։

Մեծերի պայքարում հաղթողներ են դարձել Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը, որոնց մրցանակը հանձնեց մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը:

Անաստասիա Գալուստյանն անցյալ տարվա վերջին հայտարարել էր կարիերայում ժամանակավոր դադար տալու մասին, սակայն ՀՀ-ում անցկացվող առաջնությունում, այնուամենայնիվ, ելույթ ունեցավ: Ինչ վերաբերում է Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ պարային զույգին, որոնց շատերն էին սպասում, ապա այս տարի ներկաները հնարավորություն չունեցան վայելելու նրանց ելույթը, քանի որ արդեն միասին չեն մարզվում, եւ Թինան նոր զուգընկեր է փնտրում:

Պարգեւատրման արարողությունից անմիջապես հետո ցուցադրական ելույթներով հանդես եկան ՀՀ գեղասահքի հավաքականի մարզիկներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը եւ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի՝ «Բալետ սառույցի վրա» գեղարվեստական խումբը: 

Տոնական համերգին նաեւ ելույթ ունեցան մարզադպրոցի կրտսեր խմբերի լավագույն սաները եւ առաջնության հյուրերը։

Պատկերասրահ՝ Կայացավ Հայաստանի գեղասահքի բաց առաջնությունը