Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 20-05-2018
Երեւանի պատմության թանգարանում եռուզեռ էր
Մայիսի 19-ին Երեւան քաղաքի պատմության թանգարանում միաժամանակ տեղի ունեցան «Երեւանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը եւ «Երեւան 2800» գորգի ցուցադրությունը:
«Երեւան 2800» գորգի ցուցադրությունը
 
«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երեւան 2800» գորգն առաջին անգամ ներկայացվեց այցելուներին: Գորգը մեկ տարի շարունակ ցուցադրված կլինի Երեւանի պատմության թանգարանի նախասրահում:

«Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ մենք բազմաթիվ միջոցառումներ ունենք, որի մի մասն էր կազմում նաեւ «Երեւան 2800» գորգի ստեղծումն ու հանձնումը Երեւանի պատմության թանգարանին: Այսօր մեր սերունդներին ենք փոխանցում ինքնատիպ մի գորգ, որում ներկայացված են Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքները: Բոլորիս համար իսկապես հպարտություն է, որ մասնակիցն ենք դառնում Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին ու նախաձեռնություններին»,- ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4 մ է, երկարությունը՝ 7 մ: Հոբելյանական գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքայի եւ նոր Երեւանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի պատկերները: Գորգի վրա կան տասներկու մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշեր, որոնք թվագրվում են ըստ իրենց ժամանակաշրջանների: Պատկերված են նաեւ ներկայիս Երեւանի կարեւորագույն՝ պետական, մշակութային, հոգեւոր խորհրդանիշ շենքերը: 

«Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը կարեւորում է այն հանգամանքը, որ գորգը կարեւոր նշանակություն ունի եւ կունենա Երեւանի հազարամյակների պատմությունը հաջորդ սերունդներին ներկայացնելու գործում:

Միջոցառման ընթացքում Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման, ինչպես նաեւ ձեռագործ գորգերի արտադրության գործում ներդրած ավանդի համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերությանը պարգեւատրեց Երեւանի 2800-ամյակի հուշամեդալով: Հավաստագրեր ստացան այն գորգագործները, ովքեր մասնակցել են «Երեւան 2800» գորգի պատրաստման աշխատանքներին:

Ֆոտոցուցահանդես


«Երեւանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսում ներկայացված էր 1918-1920 թվականների, խորհրդային շրջանի եւ մեր օրերի Երեւանը: Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 լուսանկարներ:

«Երեւանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսը Երեւանի 2800-ամյակին նվիրված առաջին ցուցահանդեսն է արտերկրում եւ Հայաստանում: Այն իրականացվում է 2018 թ. ԻԿՕՄ-ի «Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ, նոր հանրույթներ» խորագրի ներքո:

Ցուցահանդեսը մարտի 20-ին ներկայացվել է նաեւ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Այն նախատեսվում է ցուցադրել Ստեփանակերտում, Մոսկվայում եւ Փարիզում:

Պատկերասրահ՝ Թանգարանների գիշեր - 2018