Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-05-2018
Երեւանում կանցկացվի ԱՊՀ-ի, Բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը
Երեւանում մայիսի 15-21-ը կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը:

Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Ֆորումը բավական կարեւոր է մեր երիտասարդների համար: Այս ֆորումի յուրահատկությունն ու կարեւորությունը այն են, որ միավորում է նախկին ԽՍՀՄ երիտասարդներին։ Մասնակից երկրների ներկայացուցիչները միմյանց ճանաչելու, կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություն ունեն»,- ֆորումին ընդառաջ հրավիրված  մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նրա խոսքով՝ միջոցառման շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր: «Հուսով եմ, որ մեզ մոտ այն ավելի լավ կանցկացվի, քան եղել են նախորդները՝ Քիշնեւում եւ Մոսկվայում»,- հավելեց նա` ընդգծելով, որ ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումն առաջին անգամ անց է կացվել 2012 թ.-ին Քիշնեւում (Մոլդովա), երկրորդը` 2015 թ.-ին Մինսկում (Բելառուս):



Ֆորումի կազմակերպիչների նպատակն ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների եւ թատերական քննադատների) միջեւ ստեղծագործական շփումների ամրապնդումն է, ինչը, անկասկած, խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ գործակցելու համար:

Այս մեծածավալ թատերական նախագիծը կոչված է նաեւ մարզային եւ քաղաքային իշխանությունների, հասարակական եւ ստեղծագործական կազմակերպությունների ուշադրությունը թատրոնի ապագան որոշող մատաղ սերնդի վրա սեւեռմանը:

Ֆորումը հնարավորություն է տալիս երիտասարդ թատերական գործիչներին կիսվել իրենց մասնագիտական փորձով, քննարկել ծառացած խնդիրները, որոնց հետ առնչվում են ստեղծագործական ուղին սկսող պրոֆեսիոնալները: Բացի դրանից՝ դա համախոհ մարդկանց հանդիպելու, գործակցության եզրեր հաստատելու եւ համատեղ նախագծեր իրականացնելու բացառիկ հնարավորություն է:



Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից: Նախ՝ մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատորիաներ եւ վորքշոփ կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները:

Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Երիտասարդ բեմադրիչների արվեստանոցի եւ դրամատուրգների սեմինարների ղեկավարը թատերական ռեժիսոր, Վ. Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների կլոր սեղանները կղեկավարեն թատերական տեսաբաններ Մարիա Խալիզեւան, Ալլա Շենդերովան:

Երկրորդը՝ ֆորումը երիտասարդ բեմադրիչների եւ ներկայացումների հեղինակավոր մրցույթ է: Ծրագրում յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական խորհրդի կողմից ընտրված եւ նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ: Ներկայացումները կցուցադրվեն հանդիսատեսին երեւանյան առաջատար թատրոնների բեմերում: Ֆորումի ընթացքում աշխատելու են փորձագետներ, եւ նրանք են որոշելու լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին մասնակցելու իրավունք կստանա:



Փորձագետների կազմում են ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը (Ռուսաստան), թատերական քննադատ Ելենա Դյակովան (Ռուսաստան), կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը (Ուզբեկստան), թատրոնի եւ կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը (Ռուսաստան), թատերագետ Սոնա Մելոյանը (Հայաստան): Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի եւ կինոյի դերասան, «Ռեժիսուրայի եւ դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը (Ռուսաստան):

Երեւանյան ֆորումի մասնակից երկրներն են Հայաստանը, Լատվիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Լիտվան: