Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 15-05-2018
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է Հայաստանին մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ-2018» ծրագրին:
Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմնի կողմից:

Ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը կներկայացնի նշված բոլոր չափորոշիչներին համապատասխանող առավելագույնը 15 բարձր որակավորում ունեցող մասնագետների թեկնածություններ: Ներկայացված թեկնածուների ընտրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կիրականացնի երեք փուլով` հայտաձևի առցանց լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց՝ առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար: 

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին կամ ֆրանսերենին` միևնույն ժամանակ ունենալով դրանցից մյուս լեզվի բավարար իմացություն: Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, որը նրանց հնարավորություն կընձեռի P1/P2 կարգավիճակով աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում: 

Թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
• անձնագրի պատճենը 
• բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը 
• անգլերենի և ֆրանսերենի իմացության վկայականի պատճենը 
• կենսագրական և կոնտակտային տվյալներ (CV) անգլերենով կամ ֆրանսերենով 
• նպատակների հիմնավորման նամակ (motivation letter) անգլերենով կամ ֆրանսերենով: 

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև 2018 թ. հունիսի 10-ը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչություն, սենյակ 220: 

Լրացուցիչ մանրամասները՝ կից փաստաթղթում։