Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի և հերոսների ֆեյսբուքյան էջերից
Տեղադրվել է 09-05-2018
Մայիսի 9-ը` երիտասարդների աչքերով
Մայիսի 9-ը ՀՀ ազգային տոնացույցում ամրագրված է որպես Հաղթանակի եւ խաղաղության տոն: Այդ օրը հայ ժողովուրդը նշում է մայիսյան եռատոնը՝ 2-րդ համաշխարհային պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի կազմավորման օրը: Օրվա մասին իրենց տպավորություններն են ներկայացրել երիտասարդներն ու շնորհավորել հայրենակիցներին:



Մայիսի 9-ն ինձ համար հաղթանակների եւ ձեռքբերումների միասնություն է։ Մայիսի 9-ն ապրեցնելու եւ ոգեւորելու տոն է։ Մայիսի 9-ը մեր պապերի արածն արժեւորելու եւ մեր հետագա անելիքը գիտակցելու օր է։ Շնորհավոր բոլորիս Մայիսի 9-ը: Թող տարեցտարի ավելանան հաղթանակները, ինչպես կատարվեց այս տարի։ Պատահական չէ, որ մայիսը կոչվում  է հաղթանակների ամիս։

Սեդա Թեւանյան

***

Մայիսի 9-ը, անկասկած, մեր պատմության փառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն ու Շուշիի ազատագրումը ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն իր ազատության եւ արդարության հաստատման համար պատրաստ է պայքարել մինչեւ վերջ։ Այս օրերին մայիսյան հաղթանակներին կարելի է ավելացնել եւս մեկը՝ համաժողովրդական ալիքի հաղթանակը։ Եթե 26 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ մենք հաստատեցինք Հայաստանի եւ Արցախի անկախությունը, ապա այսօր հենց այդ անկախության հաստատման սերունդն իր մեջ ուժ գտավ եւս մեկ անգամ ապացուցելու աշխարհին, որ պատրաստ է եւ կարող է հասնել իր ազատությանը ոչ միայն զենքի, այլեւ սիրո եւ համերաշխության ուժով։ Շնորհավորում եմ հաղթանակած հայ ժողովրդին ու մաղթում, որ այսուհետ հաղթանակները լինեն միայն բաց ձեռքերով, առանց բռնության ու զոհերի։

Նորայր Շողիկյան

***

Մայիսի 9-֊ը խորհրդանշական տոն է հայերիս համար, մեր hաղթանակի ու միասնության արտացոլումն է: Շնորհավորում եմ բոլորիս տոնի առիթով` մաղթելով անսպառ եռանդ, աննկուն կամք, անընկճելի ոգի ու քաջություն՝ պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները, զարգացնելու ու հզորացնելու այն։

Մարիամ Գրիգորյան

***

Մայիսն ինձ համար հաղթանակների ամիս է, հաղթանակները Հայոց ազգի համար շատ մեծ դեր են ունեցել ու դեռ կունենան։ Շնորհավորում եմ ողջ հայությանը մայիսյան հաղթանակների կապակցությամբ եւ մաղթում, որ մեր ազգը միշտ հաղթանակած լինի ցանկացած հարցում:

Հակոբ Սարգսյան

***

Մեր հաղթանակների եռատոնն այսուհետ արդեն քառատոն է՝ բազմատոն դառնալու հպարտ քայլերով եւ շղթայականությամբ: Այսուհետ բոլոր ամիսները պետք է օծվեն հայի հաղթանակներով եւ միմյանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանող առաջընթացներով, բոլոր օրերը պետք է ունենան ժպիտներ ծնող հաղթանակներ բոլոր ասպարեզներում, բոլոր րոպեները պետք է շնչեն ու արտաշնչեն արդարություն եւ հավասարություն ունենալու տեսլականով, բոլոր վայրկյանները պետք է ճախրեն մեկ երկիր՝ Արցախահայաստան ունենալու  նպատակասլացությամբ: Հայը պետք է ունենա կյանքի հայապահպան եւ մարդակենտրոն ռազմավարություն, պետք է միշտ հպարտ լինի իր միասնականության եւ խոհեմության  համար, պետք է ձգտի միայն արժանապատիվին՝ իր պահանջատիրական հայացքներով: Հայը հաղթել է միշտ, եւ դա ունենալու է իր տրամաբանական շարունակականությունը: Մենք այսօր հստակ քայլերով գնում ենք դեպի հաղթանակների Հայաստան:

Մարի Հովակիմյան

***

Դպրոցական տարիներից մայիսյան հաղթանակներում մի տեսակ պատահականություններ էի նկատում: Հիմա կարծում եմ՝ չկա պատահականություն. կա պատմական օրինաչափություն, կա մայիսյան եռատոն, որին գումարվեց եւս մեկը: Մայիսի 9-ն ազատություն, նոր շունչ, նոր գույներ ու երանգներ տվեց հային՝ ապրելու, արարելու եւ պայքարելու համար: Եվ ես անասելի ուրախ եմ. ես ու մեր սերունդը կրողն ու շարունակողն ենք ձեր մեծ գործի: Շնորհակալ եմ իմ եւ բոլորիս ազատության եւ ուժի համար:

Աշխեն Մկրտչյան

***

Հասկացություն, որը կարելի է սահմանել տարբեր ձևերով՝ որպես տարվա 129-րդ օր, որպես Երկրի՝ իր առանցքի շուրջը կատարած հերթական մեկ ամբողջական պտույտ․․․ և որպես հայ ազգի հաղթանակների ռեալիզացման ու դրանց ամրագրման տևականության պահ, որի բովանդակությունն արդեն այս տարի հարստացավ ևս մեկ իրադարձությամբ։ Իրադարձություն, որը ֆունդամենտալ նշանակություն ունեցավ ինչպես այլևս քաղաքակրթություն դարձած մեր հասարակության ինքնառեֆլեքսիայի ու ինքնարթնացման, այնպես էլ անհատական ու կոլեկտիվ մակարդակում «ճանապարհ» անցնելու տեսանկյունից։ Այլևս բոլոր ճանապարհները չեն տանի Հռոմ, որովհետև փոխվել է ինչպես ճանապարհի մեկնակետը, այնպես էլ դրանով քայլ անողի նպատակներն ու վերջնակետը։ 

Բայց մի բան հստակ է. բոլորս էլ ներկայում անցանք անցյալից մեկնարկած որոշակի ճանապարհ՝ ուղղորդված պայծառ, լուսավոր ու մեր ընտրած ապագային: 

Հետևաբար տևականության յուրաքանչյուր մոմենտ ինքնին «դատարկ» է և այնքան ժամանակ կշարունակի լինել ամփոփված սեփական վակուումում, քանի դեռ վերոնշյալ պատկերը չի փոխարինվել հաղթական, վերակազմավորիչ և ինքնառեալիզացվող դրվագներով, որոնք իրենց հերթին ատրիբուտիվ և անհրաժեշտաբար անօտարելի են ՀՀ պետականության ու հայ ժողովրդի գոյաբանության բնութագրից...

Դավիթ Աքելյան

 

Հ.Գ.: Eritasard.am-ը եւս միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով միասնականություն, խաղաղություն, հայրենիքում ապրելու եւ այն շենացնելու կամք եւ նպատակասլացություն:

Պատկերասրահ՝  
9 մայիսի 2018 թ.