Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 09-05-2018
ՖԻՖԱ-ի կողմից պարգեւներ կտրվեն աֆրիկացի ֆուտբոլիստներին
Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող 5 երկրների ֆուտբոլային թիմեր կմասնակցեն Ռուսաստանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը։

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը որոշել է աջակցություն ցուցաբերել աֆրիկական երկրների ֆուտբոլային կառույցներին՝ նախապես տրամադրելով 2 միլիոն եվրո լրացուցիչ պարգեւավճար`աֆրիկացի խաղացողներին բոնուսների տեսքով տրամադրելու համար: Այսպիսով՝ Եգիպտոսի, Մարոկկոյի, Նիգերիայի, Սենեգալի եւ Թունիսի հավաքականներում նախօրոք կլուծվի մրցաշարին մասնակցելու համար մրցանակային գումար ստանալ-չստանալու հետ կապված խնդիրը, որն ամեն անգամ ոչ դրական կերպով էր ներկայացվում ԶԼՄ-ների կողմից՝ մրցաշարի ընթացքում ուշադրությունը շեղելով բուն ֆուտբոլային հանդիպումներից:

Ավելի վաղ Աֆրիկան ներկայացնող ազգային հավաքականներում ոչ մեկ անգամ վիճահարույց իրավիճակներ են եղել՝ կապված ֆուտբոլիստների բոնուսների վճարման հետ: Անգամ մտավախություն է առաջացել, որ աֆրիկացի ֆուտբոլիստները կարող են բոյկոտել խոշորագույն ֆուտբոլային մրցաշարը պարգեւավճարներ չստանալու համար։

Հավելենք՝ յուրաքանչյուր երկրի ազգային ընտրանի, որը հանդես կգա Աշխարհի գավաթի խաղարկությունում, ՖԻՖԱ-ից միանվագ կստանա մեկուկես միլիոն դոլար զուտ մրցաշարին նախապատրաստվելու համար եւ առնվազն ութ միլիոն դոլար խաղերին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է մրցաշարի հաղթողի թիմին, ապա աշխարհի չեմպիոնի պարգեւավճարը այս տարի կլինի 38 միլիոն դոլար: