Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-05-2018
Սերժ Թանկյանը Հայաստանում է. նա Հանրապետության հրապարակում «Բարի արագիլ» երգեց
«Ես կարծում եմ, որ երաժշտությունն ունակ է ոգեշնչել մարդկանց, փոխել նրանց սրտերը, իսկ սիրտն ունակ է ազդել մտածողության վրա, իսկ մտածողությունն իր հերթին կարող է փոխել աշխարհը»: © Սերժ Թանկյան



Աշխարհահռչակ երգիչ, երգահան, կոմպոզիտոր, երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան: Թանկյանի այցի առիթը հայաստանյան վերջին իրադարձություններն էին՝ բողոքի ցույցերն ու երթերն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության եւ թավշյա հեղափոխության հաղթանակը, որում իրենց մեծ ներդրումն ունեցան երիտասարդները: 



Սերժ Թանկյանը «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորող լրագրողների հետ զրույցում նշեց, որ ողջ սփյուռքահայությունն անքուն հետեւում էր հայաստանյան իրադարձություններին: «Սպասելի հաղթանակ էր, երազանք էր, որ իրականացավ: Մեծ հույսեր ունենք Նիկոլի հետ (վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին է-հեղ.), մեր ժողովրդի թեկնածուն է, միշտ աչքերը նրա վրա պետք է պահենք, որ չհուսախաբեցնի»,- ասաց Թանկյանը: Ի դեպ, վարչապետի թեկնածու եւ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եկել էր դիմավորելու Թանկյանին: Ռոք աստղին անձամբ չէր ճանաչում, սակայն հասցրել էին հեռախոսով զրուցել, Թանկյանն էլ ամբողջ ընթացքում ոգեւորում էր շարժման մասնակիցներին: 



Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքի ընթացքում «Դուխով» գլխարկով բեմ բարձրացած Սերժ Թանկյանը խոստովանեց, որ շատ էր կարոտել իր հայրենակիցներին եւ շատ հուզված էր երկրպագուների ընդունելությամբ: «Դուք կարողացաք ձեր ցույցերով ստեղծել պարծանքի արժանի հայրենիք: Ամբողջ աշխարհը ձեզ է նայում որպես օրինակ. երգով, պարով հասաք ձեր նպատակին: Աշխարհը մեզ ճանաչում էր Ցեղասպանությամբ, երկրաշարժով, պատերազմով, այս շարժումով բարձրացրիք մեր վարկանիշը»,- ասաց Թանկյանը: Նրա խոսքով՝ սիրո ուժը հաղթեց մյուս բոլոր ուժերին, եւ ինքը տարիներ շարունակ երազում էր այս օրվա մասին: 



Սերժ Թանկյանն առանձնահատուկ շնորհավորեց շարժման մասնակից երիտասարդներին՝ զայրույթը, հուսահատությունը խաղաղ, արդյունավետ պայքարի վերածելու համար: Նա իր ելույթի ավարտին յուրահատուկ անակնկալ մատուցեց երկրպագուներին՝ «Բարի արագիլ» երգը կատարելով: 



Նշենք, որ Հայաստանոււմ ցույցերը եւ բողոքի միջոցառումները սկսվել էին 2018 թվականի մարտին։ Հիմնական գործողությունները տեղի են ունենում ապրիլի 16-ից մինչ այժմ։ Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ըստ գործող Սահմանադրության, վարչապետի պաշտոնը զբաղեցրեց առաջին փոխվարչապետ, ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը: Մայիսի 1-ին ԱԺ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: Մայիսի 8-ին նախատեսված է եւս մեկ ընտրություն: