Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-05-2018
Ավելին, քան պարզապես հոբբի. երիտասարդ լուսանկարչուհու անդրանիկ ցուցահանդեսը
«Նարեկացի» արվեստի միությունում մայիսի 7-ին բացվեց Սոսե Ոսկանյանի լուսանկարների ցուցահանդեսը: 26-ամյա Սոսեն ապրում եւ ստեղծագործում է Երեւանում: Շատ է սիրում լուսանկարչությունը, հատկապես՝ բնապատկերներ նկարել: Երիտասարդ լուսանկարիչը սիրում է ճամփորդել ու ամեն հետաքրքիր բան ֆիքսել:

«Իմ առաջին ցուցահանդեսին 28 աշխատանք եմ ներկայացրել: Նկարները տարբեր են, չկա կոնկրետ թեմատիկա. որոշել եմ առաջին ցուցահանդեսիս հենց տարբեր թեմաներով նկարներ ցույց տալ, ցույց տալ ինձ տարբեր կողմերից»,- մեզ հետ զրույցում ասաց երիտասարդ լուսանկարիչը: 



Սոսե Ոսկանյանը նշեց, որ նկարները տարբեր ժամանակաշրջաններից են, ամենանորն անցյալ տարվա է, ամենահինը 5 տարի առաջվա է. «Շատ փոքր տարիքից նկարել եմ, բայց երբ մեծացա, զգացի, որ լուսանկարչությունն ինձ համար ավելին է, քան հոբբի: Չունեմ լուսանկարչական կրթություն, բայց ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար պետք է սովորել»: 

Սոսե Ոսկանյանը հավելեց, որ մասնագիտությամբ լեզվաբան է եւ խոստովանեց, որ ինքը չի ընտրել իր մասնագիտությունը, ծնողներն են ընտրել. «Թատրոնի դերասանուհի էի ուզում դառնալ, բայց չստացվեց: Հիմա լուսանկարելու հոբբիս փորձում եմ մասնագիտություն դարձնել»:



Երիտասարդ լուսանկարիչը հավելեց, որ իր համար ավելի հեշտ է բնապատկեր նկարելը. «Ես ինձ ավելի հանգիստ ու հարմարավետ եմ զգում բնապատկեր նկարելիս, հարմոնիա եմ զգում բնության հետ: Սակայն մարդկանց հետ էլ եմ սկսել աշխատել»: 

Նշենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 13-ը: