Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-05-2018
Ֆրանսիացի պաշտպանը բաց կթողնի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Լորան Կոսելնին լուրջ վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում:

Բրիտանական Sky Sports սպորտային պորտալը պնդում է, որ անցած շաբաթ կայացած հանդիպման 12-րդ րոպեին 32-ամյա ֆրանսիացու վնասվածք ստանալը ոչ խաղային դրվագում կարող է թանկ արժենալ։ Չնայած այդ պահին ֆուտբոլիստի մոտ ոչ ոք չկար, սակայն պաշտպանն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Ռուսաստանում գրեթե մեկ ամիս անց մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Առաջինը խոտածածկին պառկած Լորան Կոսելնիին ուշադրություն դարձրեց Դիեգո Կոստան: Ֆրանսիացի պաշտպանը բռնել էր աքիլեսյան գարշապարը: Բժշկական հետազոտության արդյունքում պարզվեց, որ ֆուտբոլիստը, հիմնավոր պատճառներից ելնելով, չկարողացավ ոտքի կանգնել, ինչին հետևեց նրան խաղադաշտից դուրս բերելը բժիշկների կողմից:

Խաղից հետո կայացած մի քանի բժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ Լորան Կոսելնին վնասել է աքիլեսյան ջիլը, իսկ վերականգնման համար կպահանջվի մոտ 6 ամիս: Դա նշանակում է, որ պաշտպանը ոչ միայն Ֆրանսիայի հավաքականին չի օգնի այս ամռանը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում, այլեւ բաց կթողնի գալիք մրցաշրջանի նախապատրաստական փուլը:

Հատկանշական է, որ սա առաջին անգամը չէ, երբ Լորան Կոսելնին նման վնասվածք է ստանում: Նախորդ տարի նա նշել էր, որ ինքն ունի խրոնիկական խնդիրներ աքիլեսյան գարշապարի հատվածում և ստպված է ամեն առավոտ հատուկ մարզումներ անել: