Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-05-2018
Դրամատիկ Սուպերկլասիկո՝ առանց հաղթողների եւ պարտվողների
Կատալոնական «Բարսելոնան» դեռ մեկ տուր առաջ էր նվաճել Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի կոչումը, սակայն Սուպերկլասիկոն չի կարող առանց պայքարի ու դրամայի անցնել։

Իսպանական «Լա Լիգայի» 36-րդ տուրում կայացավ «Բարսելոնա» - «Ռեալ» դիմակայությունը։ Չնայած Իսկոյի եւ Դանիել Կարվախալի բացակայությանը՝ «Ռեալը» մրցակցի դաշտ էր դուրս բերել հնարավորինս մարտական կազմ։ Կատալոնական թիմը կադրային կորուստներ չուներ եւ բոլոր առանցքային խաղացողները մեկնարկային րոպեներից դուրս եկան խաղադաշտ։



Հանդիպման 10-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց բացել հաշիվը։ Արագ հակագրոհը սկսվեց դաշտի կենտրոնով, ապա գրոհը տեղափոխվեց աջ եզր, որտեղ Սերժի Ռոբերտոն էր։ Վերջինիս ճշգրիտ փոխանցման շնորհիվ աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Ընդամենը 4 րոպե անց «Ռեալը» մի քանի փոխանցումների արդյունքում դասական հակագրոհ կազմակերպեց ու Արքայական ակումբի հարձակման առաջատար Քրիշտինաու Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։



Առաջին խաղակեսի վերջնամասում Մարսելոյին դիտավորյալ հարվածելու համար խաղադաշտից հեռացվեց Սերժի Ռոբերտոն, ու թիմերը միմյանց հանդեպ թշնամական վերաբերմունքով գնացին ընդմիջման։ Երկրորդ կեսը «Ռեալը» սկսեց առանց Ռոնալդուի, որին վնասվածքի պատճառով հանգստանալու իրավունք էր տրվել։ Չնայած 10 հոգով խաղալուն՝ «Բարսելոնային» հաջողվեց շատ արագ կրկին առաջ անցնել հաշվի մեջ։ Աչքի ընկավ Լեո Մեսսին, որին փոխանցում կատարած Լուիս Սուարեսը գնդակը խլելու ժամանակ բացահայտ խախտել էր խաղի կանոնները Ռաֆայել Վարանի հետ պայքարում։ Այս դրվագից սկսած դիմակայության գլխավոր «հերոսը» դարձավ խաղը սպասարկող մրցավարը։ Հաշված րոպեներ անց նա չհաշվեց կապտանռնագույնների»՝ առանց խաղից դուրս վիճակի խփած գնդակը։



Հանդիպման 72-րդ րոպեին «Ռեալը» նորից կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Ռոնալդուին փոխարինած Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո հիանալի կողմնորոշվեց Գարեթ Բեյլը՝ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ 



Սուպերկլասիկոյի վերջին րոպեներին զգացվեց «Ռեալի» հաղթելու ցանկությունը, ինչը նկատվում էր հատկապես ֆուտբոլիստների շտապողականությամբ։ Այնուամենայնիվ, բազմաքայլ գրոհներից մեկի արդյունքում Մարսելոն հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում, սակայն եզրային պաշտպանի նկատմամբ տեղի ունեցած կանոնների բացահայտ խախտումը չարձանագրվեց՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ եկել է ֆուտբոլում համակարգային փոփոխություններ անելու ժամանակը. տեսակրկնությունները եւ VAR համակարգի ներդրումը կարող են իրավիճակ փոխել։ 



«Բարսելոնան» շարունակում է անպարտելի մնալ Իսպանիայի ընթացիկ առաջնության խաղերի ժամանակ։ Մրցաշրջանի ավարտին մնացել է 3 տուր, եւ եթե կատալոնական թիմին հաջողվի այդ երեք խաղերում չպարտվել, ապա բացառիկ արդյունք կգրանցվի։ «Ռեալն» իր հերթին դեռեւս կարող է շրջանցել երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյին», սակայն այս պահին Արքայական թիմին առավելապես հետաքրքրում է առաջատարների ստացած վնասվածքը՝ Իսկո, Կարվախալ... այժմ էլ Ռոնալդուն է վնասվածք ստացել։