Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-05-2018
«Ararat Cup 2018» ավանդական կարատեի միջազգային առաջնությանը մասնակցեցին վեց երկրների մարզիկներ
Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիան առաջին անգամ մեր երկրում իրականացրեց «Ararat Cup 2018» ավանդական կարատեի միջազգային առաջնությունը, որը մենամարտային մարզաձեւերի աշխարհում տարվա կարեւորագույն իրադարձություններից էր:

Մրցաշարն մայիսի 5-6-ն անցկացվում էր «Միկա» մարզահամալիրի փակ դահլիճում: Իրադարձության շրջանակում Հայաստան էր ժամանել Աշխարհի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կվիչինսկին (սեւ գոտի, 8-րդ դան), ով անցկացրել է սեմինար-պարապմունք եւ իր ներկայությամբ աջակցել մրցաշարին: 

«Ավանդական կարատեի առաջին միջազգային մրցաշարն է անցկացվում Հայաստանում, մինչ այս մրցաշարերն ավելի լոկալ են եղել: Մեր թիմերը միշտ մրցել են արտասահմանում, բայց մենք մրցաշար կազմակերպելու փորձ չենք ունեցել: 5 թիմ Մոլդովայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Լեհաստանից, Իսրայելից, ինչպես նաեւ Հայաստանը մրցում են այս մրցաշարում: Սա, ըստ էության, հայկական ավանդական կարատեի՝ մեծ միջազգային մրցաշար կազմակերպելու առաջին փորձն է»,- մեզ հետ զրույցում նշեց առաջնության կազմկոմիտեի անդամ Գարեգին Խումարյանը: 

Նրա խոսքով՝ հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու ցանկություն կա, եթե հաջողվի. «Այս մրցաշարին մասնակցում էին ե՛ւ մեծեր, ե՛ւ փոքրեր: Ամենափոքր մասնակիցը 12 տարեկան էր: Շատ լուրջ մարզիկներ, աշխարհի չեմպիոններ էին մասնակցում, նաեւ՝ սկսնակ մարզիկներ»: 

2016 թ. կարատեի աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այդ միջոցառումը երկար տարիներ սպասված իրադարձություն էր: «Նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են, այստեղ են մարզիկներ 6 երկրներից: Միջոցառումը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Քանի որ մենք շատ հնարավորություն չենք ունենում մասնակցելու միջազգային մրցումների, ապա սա մեծ փորձ է Հայաստանի մարզիկների համար»,- նշեց նա:

Պատկերասրահ՝ «Ararat Cup 2018» ավանդական կարատեի միջազգային առաջնություն