Նյութը՝ Զառա Ասկարյանի, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» EVS կամավոր, Իսպանիա, Պոնտեվեդրա
Լուսանկարները՝ Զառա Ասկարյանի
Տեղադրվել է 07-05-2018
Ապրելով երազանքների եւ իրականության խաչմերուկում
Օրերը երբեք այսքան արագ չէին թռել... Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ այստեղ եմ՝ Պոնտեվեդրայում, բայց կարծես երեկ ժամանած լինեի։

Օրերը շատ լեցուն են, յուրաքանչյուր օր ինչ-որ հիշարժան իրադարձություն է լինում, ինչ-որ հետաքրքիր մարդու հետ ես  ծանոթանում։ Արդեն 2 շաբաթ է, ինչ շաբաթ օրերը գնում ենք քաղաքից դուրս եւ որպես կամավոր աշխատում բնության պահպանմամբ զբաղվող մի կազմակերպությունում։ Շատ հաճելի է ծանոթանալ մարդկանց հետ, որոնք հոգ են տանում բնության մասին, գիտեն տեղանքի բոլոր ծառերի «կենսագրությունը»: Հրաշալի է լինել այդ թիմի մի մասնիկը։

Ինչպես նաեւ այժմ աշխատում ենք «Arroelo» կոչվող մի հրաշալի վայրում, որտեղ աշխատում են տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, բայց նրանց միավորում է պոզիտիվ վերաբերմունքը կյանքի նկատմամբ, եւ շփվելով նրանց հետ՝ դու էլ ես վարակվում այդ պոզիտիվով։ Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են հետաքրքրվում քո երկրով, հարցեր տալիս Հայաստանի մասին։ Շատ հետաքրքիր եւ անսպասելի էր այն, որ աշխատակիցներից մեկը շատ լավ տեղեկացված էր Հայաստանից, երկրի անցուդարձից, եւ այն, որ Հայաստանից եմ, նրանց շատ ուրախացրեց, եւ միանգամից նրա համար հարազատ մարդ դարձա։

Իհարկե, վերադարձին դեռ շատ ժամանակ կա, բայց մի բան ակնհայտ է, երբ վերադառնամ, շատ եմ կարոտելու այս ամենը։