Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-05-2018
Իսպանական Սուպերկլասիկոյին սպասելիս
Ինչպիսի սպասելիքներ կարող են ունենալ երկրպագուները եւ շարքային ֆուտբոլասերներն այսօր կայանալիք «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումից։

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» դիմակայությունը հաճախ նմանեցվում է ոչ թե ֆուտբոլային խաղի, այլ արվեստի, քանի որ երկու գերակումբներում միշտ էլ հանդես են եկել մեծ տաղանդի եւ հնարավորությունների տեր ֆուտբոլիստներ, որոնք կարողացել են իրենց խաղի շնորհիվ մարզադաշտ բերել տասնյակ հազարավոր ֆուտբոլասերների։ Եվ ամեն անգամ այս երկու ակումբների դիմակայությունը ստիպված ենք լինում նորովի ապրել, քանի որ անընդհատ տարբեր հանգամանքներ են ի հայտ գալիս։

Դեռեւս մեկ ամիս առաջ «Բարսելոնան» դիտարկվում էր ոչ միայն իսպանական «Լա Լիգայի» ու Արքայական գավաթի գլխավոր հավակնորդ, այլեւս մեծ շանսեր ուներ դուրս գալու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ, քանի որ տնային խաղում խոշոր հաշվով առավելության էր հասել հռոմեական «Ռոմայի» հետ։ Մարզասերները լավ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ նախորդած մի քանի օրերի ընթացքում։ «Բարսելոնան» առանց խնդիրների հաղթեց Արքայական գավաթի եզրափակիչ խաղում՝ ջախջախելով մրցակցին՝ «Սեւիլյային», իսկ «Լա Լիգայում» առաջ պոկված լինելով բոլոր մրցակիցներից դեռեւս մրցաշրջանի սկզբում՝ Իսպանիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ հռչակվել է երկրի չեմպիոն՝ ոսկե դուբլ...

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները անցած ամսվա ընթացքում կարողացան դրամատիկ պայքար մղել Թուրինի «Յուվենթուսի» հետ՝ վերջին վայրկյանին Քրիշտիանու Ռոնալդուի իրացրած 11մ տուգանային հարվածի շնորհիվ, իսկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կարողացան ոչ վառ խաղով անցնել Մյունխենի «Բավարիային»՝ երրորդ տարին անընդմեջ խաղալով ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային ամենախոշոր մրցաշարի եզրափակիչում։ Սա վերջին 5 տարիների ընթացքում «Ռեալի» 4-րդ եզրափակիչը կլինի։ Նախորդ երեք դեպքերում Արքայական ակումբին հաջողվել է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Ռեալի» եւ «Բարսելոնայի» դիմակայության գլխավոր հետաքրքրությունը այս պահին ոչ այնքան այն է, թե արդյոք Արքայական ակումբը չպետք է չեմպիոնական միջանց բացի մրցակցին հարգելու համար, այլ արդյո՞ք «Ռեալը» կփորձի խանգարել «Բարսելոնային» ընթացիկ մրցաշրջանն առանց պարտության անցկացնել։ Հատկանշական է, որ Իսպանիայում այդպիսի բացառիկ մրցաշրջան միայն «Ռեալն» է անցկացրել հեռավոր 1932-ին։ Իհարկե, գուցե կլինեն պնդումներ, որ նույնպիսի իրավիճակ չէ այսօր, քանի որ 10 թիմի փոխարեն Իսպանիայի առաջնությունում այժմ մրցում են 20 թիմ, բացի այդ իրավիճակը ժամանակակից ֆուտբոլում լիովին այլ է։

Ի տարբերություն «Բարսելոնայի», որը չունի կադրային կորուստներ, «Ռեալին» չեն կարողանա օգնել պաշտպաններ Ռաֆայել Վարանը եւ Դանիել Կարվախալը, ինչպես նաեւ կիսապաշտպան Իսկոն։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ վնասվածք ունեն, չնայած խաղից մեկ օր առաջ թե՛ Իսկոն, թե՛ Ռաֆայել Վարանը մասնակցել են թիմային մարզմանը։

Հատկանշական է, որ այսօր կայանալիք խաղը 238-րդ Սուպերկլասիկոն է երկու ակումբների պատմության մեջ։ Առավելությունը հաղթանակների առումով «Ռեալի» կողմն է՝ 95-ը 93-ի դիմաց։ Նախորդած խաղերում նաեւ 49 ոչ-ոքի արդյունք է գրանցվել։ Վերջին անգամ «Ռեալի» նկատմամբ տնային հաղթանակ «Բարսելոնան» տոնել է 2015-ի մարտին՝ առավելության հասնելով 2-1 հաշվով։ Փոխարենը վերջին երեք խաղերում «Ռեալին» հաջողվել է երկու հաղթանակ տոնել «Կամպ Նոու» ստադիոնում, մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։

Ի դեպ, Սուպերկլասիկոների պատմության մեջ «Ռեալը» կարող է 400-րդ անգամ գրավել մրցակցի դարպասը։ Այս պահին գրանցվել է 399 գնդակ։ «Բարսելոնան» իր հերթին հետ չի մնում. խփել է 387 գնդակ։ Բացի այդ «Բարսելոնան» «Լա Լիգայի» շրջանակում «Ռեալի» հետ անցկացրած վերջին 20 խաղերում անպայման գնդակ է խփել։ Սա նշանակում է ֆուտբոլասերներին գոլառատ հանդիպում է սպասվում։ Այն ոչ մի կերպ չպետք է բաց թողնել։