Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Photolure-ի
Տեղադրվել է 04-05-2018
Ըմբիշները ժամանեցին Հայաստան եւ պատվի արժանացան օդանավակայանում
Եվրոպայի չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանը չնայած մրցակիցներին միավորներ չի տվել, սակայն դժվարին է համարում խիստ մրցակցային մրցաշարում հաղթելը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մշտապես բազմամարդ է, երբ ժամանում են հայ մարզիկները։ Հատկապես մեծ է լինում մարդկանց քանակը չեմպիոններին դիմավորելու ժամանակ։ Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում Եվրոպայի երկու չեմպիոն եւ մեկ բրոնզե մեդալ նվաճած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականին դիմավորելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, մարզասերներ, ըմբիշների հարազատներ, ինչպես նաեւ Հայաստանի մարզական կառույցների պատասխանատու ներկայացուցիչներ։

Երեւան վերադառնալուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը։ Վերջինս նախ հակիրճ ամփոփեց գրանցված արդյունքները:  

«Մեր գրանցած արդյունքները կարելի է գերազնաց համարել: Թիմում կային երիտասարդ ըմբիշներ, որոնք նոր էին մասնակցում այսպիսի խոշոր մրցաշարի: Նրանց մրցելույթներից էլ եմ գոհ: Մնացած ըմբիշները կարողացել են անել այն, ինչին ընդունակ են: Միայն կարծես Արթուր Շահինյանի (87 կգ) պարագայում անարդարություն տեղի ունեցավ: Նա կարող էր մեդալի հավակնորդ լինել կամ գոնե 3-րդ տեղի համար պայքարել, բայց 2 գոտեմարտերում շատ կոպիտ ձեւով, բազում խախտումներով չթողեցին, որ հաղթեր մեր մարզիկը: Անհաջող հանդես եկավ Կարապետ Չալյանը (77 կգ)։ Նա զիջեց մրցակցի, որն այնպիսի ըմբիշ չէր, ում դժվար էր հաղթել: Մնացածը բոլորն էլ լավ են հանդես եկել»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ չորրորդ անգամ։ Նխկինում հայ ըմբիշը հաղթել էր երեք անընդմեջ Եվրոպայի առաջնություն՝ 2012, 2013, 2014 թթ., սակայն 2016 թ.-ին բավարարվել էր միայն արծաթե մեդալով, իսկ անցած տարի էլ բրոնզե մեդալ էր նվաճել: Ըստ հայ ըմբիշի՝ որեւէ կերպ չէր կարողանում մտքից հանել նախորդ 2 տարիների համեմատաբար անհաջող ելույթները։

«Ինչի համար գնացել էինք, հասանք դրան: 4-րդ չեմպիոնությունը մի քիչ դժվար տրվեց, չնայած լավ մարզավիճակում եմ, ամեն ինչ շատ լավ դասավորվեց: Եվրոպայի վերջին 2 առաջնություններում այնքան էլ լավ չէի մասնակցել, խնդիրներ կային, վնասվածքներ ունեի, լավ մարզավիճակում չէի։ Այս տարի ամեն ինչ լավ էր, եւ դարձա Եվրոպայի չեմպիոն»,- ասաց ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ հավելելով, որ մյուս հաղթանակների պես այս մեկն էլ նվիրում է հայ զինվորներին:

Թե՛ եզրափակիչ գոտեմարտում, թե՛ մինչեւ եզրափակիչը հասնելու ճանապարհին Արթուր Ալեքսանյանը մրցակիցների նկատմամբ առավելության հասավ ոչ մի միավոր չզիջելով նրանց։ Չնայած այս բացառիկ ցուցանիշին, ըմբիշն ընդգծում է, որ գորգում ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան կարող է թվալ կողքից նայողին. «Մրցակցությունը բարձր էր: Եվրոպայի առաջնություն է, այստեղ թույլ ըմբիշներ չկան: Ճիշտ է՝ միավոր չեմ տվել մրցակիցներիս, եւ հնարավոր է՝ կողքից հեշտ թվա, բայց ամեն գոտեմարտում էլ դժվարին հաղթանակ է եղել»:

Առաջին անգամ մեծահասակների պայքարին միացած եւ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Կարեն Ասլանյանը թիմակիցների ու մարզիչների հետ Երեւան ժամանելուց հետո եւս լավ տրամադրություն ուներ. «Պայքարը շատ դժվար էր: Ամեն մրցակցի հետ տարբեր դժվարություններ կային: Գնացել էի ոսկե մեդալի հետեւից, բայց 3-րդ տեղով բավարարվեցի: Ինչ-ինչ պատճառներով չստացվեց, ինչ-որ տեղ ես էլ վրիպեցի, ինչ-որ չստացվեց այնպես, ինչպես մտածում էի, ու այս անգամ 3-րդ տեղը գրավեցի: Հույս ունեմ՝ հաջորդ անգամ առաջինը կլինեմ»։

Հատկանշական է, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մշտապես մեդալներով են վերադառնում միջազգային խոշոր մցրաշարերից: Ըստ Լեւոն Ջուլֆալակյանի՝ սա չի նշանակում, որ պետք է մտածել, թե ինչ-որ կերպ պայքարից դուրս են հայ ըմբիշները։

«Պետք է շարունակենք աշխատել առանց կանգ առնելու, քանի որ մրցակիցներն էլ ժամանակ չեն կորցնում: Ոչ մի օր չի կարելի դադարել աշխատանքը, մարզումները, մոտեցումը, այլապես հաջորդ մրցումներում հակառակ արդյունքը կստացվի: Այնպես որ որքան էլ առաջատար ես, ուժեղ ես, եթե ինչ-որ տեղ թերացար, հաջորդ մրցումներին կպատժվես: Պարտավոր ես միշտ լինել պատրաստ, մարզված, որովհետեւ բոլորն էլ ձգտում են չեմպիոններ դառնալ, բոլորն էլ մարզվում են»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը՝ հույս հայտնելով, որ իր սաները եւս հասկանում են այս ամենը։

Հավաքականի մարզչին անհանգստացում է նաեւ խոշոր մրցաշարերում մրցավարության հարցը։ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ թե՛ ինքը, թե՛ մի շարք երկրների այլ ներկայացուցիչներ դժգոհ են մնացել մրցավարական գործողություններից. «Մարզաձեւի կանոններն այնպես են սահմանված, որ մրցավարներին կողմնակալություն անելու լավ հնարավորություններ են տալիս: Նրանք էլ անհրաժետության դեպքում օգտնում են այդ հնարավորություններից: Լուրջ մրցավարական խախտումներ կային: Բոլոր երկրները, բացի մի քանիսից, անուններ չթվեմ, որոնց համար հաճելի է նման մոտեցումը... Ամեն դեպքում այս օրենքներն այնպես են ստացվել, որ թեեւ պարտեր հասկացությունը վերադարձավ, ինչը շատ լավ է, բայց մրցավարների ձեռքին հնարավորություն կա. նրանք կարող են մեկին 2 անգամ պատժել, մեկին ընդհանրապես չպատժել»:

Հիշեցում
Կասպիյսկում ընթացող Եվրոպայի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կարիերայում 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) նույնպես Եվրոպայի չեմպիոն դարձավ: Կարեն Ասլանյանը (67 կգ) բրոնզե մեդալ նվաճեց:

Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ազատոճային ըմբիշները: