Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-05-2018
«Թամանյան դիվիզիայի» «մարտը»՝ Երեւանում
«Внимание! Говорит Москва! Передаем важное правительственное сообщение. Граждане и гражданки Советского Союза, сегодня в 4 часа утра без всякого объявления войны германские вооруженные силы атаковали границы Советского Союза…»

(Ուշադրությո՛ւն: Խոսում է Մոսկվան: Փոխանցում ենք կառավարական կարեւոր հաղորդագրություն: Խորհրդայի՛ն միության քաղաքացիներ, մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 4-ին, առանց պատերազմ հայտարարելու գերմանական զինված ուժերը հարձակվել են Խորհրդային Միության վրա…),- հնչում են խորհրդային ռադիո եւ հեռուստահաղորդավար Յուրի Լեւիտանի՝ պատերազմն ազդարարող եւ հաղթանակ ներշնչող խոսքերը, իսկ քիչ հեռու՝ «Մայր Հայաստան» թանգարանի մոտ, «մարտ են մղում» «Թամանյան հայկական դիվիզիան» ու «գերմանացիները»:

Դիվիզիայի վարած մարտերից մեկը բեմադրվում է արդեն երկրորդ տարին: 

«Անցյալ տարի, երբ կազմակերպեցինք, այն բավական լայն արձագանք գտավ հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում: Որոշեցինք այս տարի եւս կրկնել միջոցառումը, դարձնել ավանդական, հիշել մեր պապերի անցած ուղին, այն ուղին, որը հաղթեց ֆաշիզմին, ազատագրեց Եվրոպան»,- ասաց կազմակերպիչներից «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Մելքոնյանը:

89-րդ Թամանյան դիվիզիայի մարտական ուղին սկսվել է 1942 թվականին Հյուսիսային Կովկասում՝ Գրոզնի քաղաքի մոտ, եւ ավարտվել Բեռլինում: Այն Գերմանիա հասած եւ Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան է: 



«Հարյուր հազարավոր հայեր մասնակցել են ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող այդ պատերազմին եւ բոլոր ռազմաճակատներում դրսեւորել են հերոսականություն: Իրենց արժանի տեղն ունեն մեր ազգային դիվիզիաները, առաջին հերթին՝ 89-րդ Թամանյան դիվիզիան»,- ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը:

Թամանյան դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Ռայխսթագի մոտ քոչարիով: Այսօր ճակատամարտի մասնակիցների թոռները «Մայր Հայաստան» թանգարանին նվիրեցին այն դհոլն ու ակորդեոնը, որոնց հնչյունների ներքո մեր հայրենակիցները պարել էին հաղթական քոչարին:

«Մենք այսօր հիշում ենք անցյալը, որը մեզ տվել է մեր այսօրվա օրը: Մենք պետք է նայենք վաղվան: Մեզ համար Հայրենական պատերազմի հաղթանակը ուժ եւ գիտելիք է տալիս, որ հայ ժողովուրդը կարող է կռվել, պաշտպանել իր հայրենիքը»,- նշեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը):

Դիվիզիան անունը ստացել է Թաման թերակղզու ազատագրման համար: Այն ռազմավարական նշանակություն ուներ: Աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում եւ պարգեւատրվել «Կարմիր աստղ» շքանշանով։ Այնուհետեւ մարտնչել է Ղրիմում եւ Սեւաստոպոլի ազատագրման համար արժանացել «Կարմիր դրոշ» շքանշանի: Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգեւատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ 

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։

Պատկերասրահ՝ 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը (04.05.2018)