Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-05-2018
Հարութ Բալյանը երևանյան մենահամերգի ընթացքում կներկայացնի նաև նոր երգեր
Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանն իր երևանյան մենահամերգին ներկայացնելու է հին ու սիրված, ինչպես նաև բազմաթիվ նոր երգեր:

Արտիստն, ով վերջին անգամ հայրենիքում մենահամերգով հանդես է եկել 2010-ին, անհամբեր սպասում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին, ժամը 19:00 անցկացվելիք համերգային շոուին:

«Առաջին համերգի տպավորություններից ելնելով՝ որոշեցի կրկին մենահամերգով ներկայանալ իմ հայաստանաբնակ հանդիսատեսի համար: Մայիսի 1-ին ես արդեն Հայաստանում կլինեմ եւ արդեն երկուսով՝ համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանի հետ կաշխատենք, իրար կօգնենք: Ի դեպ, մինչ համերգը Երեւանում նոր դուետ պետք է ձայնագրեմ, որը տեսահոլովակի տեսքով կներկայացնեմ երկրպագուներիս»,-նշում է արտիստը՝ հավելելով, որ դեռևս չի բացահայտելու այն երգչուհու անունը, ում հետ հանդես է գալու դուետով, բայց վստահեցնում է, որ անպայման հետաքրքիր համագործակցություն է սպասվում:

Հարութ Բալյանի համերգի հատուկ հյուրերը կլինեն արտիստի լավ ընկերներ Սուպեր Սաքոն և DJ Sammy Flash-ը: Երեկոյին հրավիրելու է նաև Նունե Եսայանին: Բոլոր ելույթները կուղորդվեն շքեղ լուսային շոուով և կենդանի նվագակցությամբ:

«Հուսամ՝ ինչպես նախորդ մենահամերգին, այնպես էլ այս անգամ դահլիճը լեփ-լեցուն կլինի: Ես մեծ սիրով եմ սպասում իմ հանդիսատեսին, շատ դրական եմ տրամադրված»,-հավելում է երգիչը՝ շեշտելով, որ մեծ պատասխանատվությամբ ու լրջությամբ է մոտենում համերգի կազմակերպմանն ու իրականացմանը:

Հարութ Բալայանը ծնվել է Երևանում։ Մանկուց սիրել է երաժշտություն և երգ։ Տասը տարեկանում ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ։ Երաժշտության հանդեպ սերը հետագայում վերածվում հայտնի երգիչ դառնալու երազանքի։ Վերջինս իրականանում է 24 տարեկանում, 2003 թ. հուլիսին, երբ ձայնագրվում է նրա առաջին ալբոմը։