Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-05-2018
Կիեւյան եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» կդիմակայի «Լիվերպուլը»
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը խոստանում է հետաքրքիր լինել, քանի որ վերջին անգամ «Ռեալը» մրցաշարի եզրափակիչ դուրս գալուց պարտվել է հենց «Լիվերպուլին»։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի՝ մայիսի 26-ին Կիեւում կայանալիք եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն վերջին երկու մրցաշրջաններում մրցաշարի գավաթակիր ու ռեկորդակիր «Ռեալը» եւ անգլիական «Լիվերպուլը»։ Եզրափակիչ խաղի մասին կխոսենք ավելի ուշ՝ խաղի նախօրեին, երբ թե՛ Իսպանիայի, թե՛ Անգլիայի առաջնությունները ավարտված կլինեն։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ իտալական «Ռոմայի» հետ պատասխան մրցավեճում «Լիվերպուլի» մարզական բախտը բերեց, քանի որ «ջալոռոսիները» հանդիպումը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար միայն 1 գոլ չբավականացրեց։ Սեփական հարկի տակ «Ռոման» 4-2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»՝ վերջին գնդակը խփելով խաղին ավելացված 3-րդ րոպեին: Մեկ շաբաթ առաջ՝ առաջին խաղում Անգլիայում «մերսիսայդցիները» մրցակցին հաղթել էին 5-2 հաշվով։ Իտալական թիմը ցույց տվեց, որ պատահական չէ կամային հատկանիշների շնորհիվ մրցաշարից դուրս թողել կատալոնական «Բարսելոնային»։

Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների հաղթող «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Կիսաեզրափակիչ պատասխան խաղում մադրիդցիները սեփական հարկի տակ չպարտվեցին եւ պայքարից դուրս թողեցին մրցաշարի լավագույն թիմերից մեկին՝ Մյունխենի «Բավարիային»: «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում «Ռեալը» ոչ-ոքի՝ 2-2 խաղաց ամբողջ խաղի ընթացքում գրոհող մրցակցի հետ։ Հաշիվը բավարար էր եզրափակիչ դուրս գալու համար, քանի որ առաջին խաղում մրցակցի դաշտում՝ «Ալյանց Արենա» ստադիոնում «սերուցքայինները» հաղթել էին 2-1 հաշվով:

Հավելենք, որ «Լիվերպուլը» իր պատմության մեջ 5 անգամ է հաղթել այս մրցաշարում, իսկ «Ռեալը» բոլոր ժամանակների ռեկորդակիրն է. իսպանական գերակումբը 12 անգամ տիրացել է ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակին: Ի դեպ, վերջին անգամ այս մրցաշարի եզրափակիչում հայտված եւ պարտություն կրած խաղում մադրիդյան ակումբի մրցակիցը հենց «Լիվերպուլն» էր։