Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-05-2018
16-րդ «Արմմոնո»-ն հատեց եզրագիծը
16-րդ «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ թատերական տոնն այս տարի Երեւանում անցկացվեց ապրիլի 28-ից մայիսի 2-ը:

Փառատոնը մեկնարկեց ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի «Պատգամը» մոնոներկայացմամբ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԱՄՆ, Հայաստան), եզրափակվեց Իրինա Մեգվինետուխուցեսի (Վրաստան) «Դեղին հրեշտակը» ներկայացմամբ: 

Վերջինս մի ներդաշնակ խառնուրդ էր՝ հերոսուհու քնարական-դրամատիկական մենախոսության եւ դերասանուհու կենդանի կատարմամբ` ըստ Ալեքսանդր Վերտինսկու երգերի: «Դեղին հրեշտակը» ներկայացում է մեծ սիրո եւ միայնության, կատաղի հավատի եւ հուսահատության մասին...

«Մեկ տարի անց այստեղ մենք կազդարարենք նոր փառատոնի մեկնարկը: Խոնարհվում եմ հանդիսատեսի առջեւ, շնորհակալ եմ, որ այս բարդ, դժվար եւ ուրախալի օրերին նրանք ժամանակ ու ցանկություն էին գտնում գալու եւ մասնակցելու փառատոնին»,- նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: 

Հավելենք, որ իր ելույթից հետո Մխիթարյանը մասնակցության հավաստագրեր եւ նվերներ հանձնեց փառատոնի մասնակիցներին: 

Նշենք, որ «Արմմոնո-2018» փառատոնի շրջանակում ցուցադրվեց 22 մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոպար, մոնոdoc եւ այլն (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Իսրայել, Լեհաստան, ԱՄՆ, Իսպանիա, Պորտուգալիա): Փառատոնի նշանավոր ներկայացումներն էին Կոտե Մարջանիշվիլու անվան պետական մրցանակի դափնեկիր, Բարեկամության շքանշանի ասպետ Իրինա Մեգվինետուխուցեսի (Վրաստան) «Դեղին հրեշտակը» եւ երգիչ, դերասան եւ շոումեն Բրեմներ Դյութի Ֆլետչերի (ԱՄՆ) «Գլխապատառ» մոնոներկայացումները:

Փառատոնին ներկա էին միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, դրամատուրգներ, թատերագետներ եւ փորձագետներ: Նշենք, որ ներկայացումների մուտքն անվճար էր:

Պատկերասրահ՝ Ավարտվեց 16-րդ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը