Նյութը՝ Ալմիրա Նիկողոսյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-05-2018
Հետաքրքիր փաստեր Լեհաստանի ու լեհերի մասին
2018 թ.-ի դրությամբ Բալթիկ ծովի ափին գտնվող այս գեղատեսիլ երկրում գործազրկության մակարդակը կազմում է ընդամենը 4.5%: Լեհերը հաճախ են սիրում կրկնել, որ յուրաքանչյուր ոք, ով աշխատելու ցանկություն եւ պատրաստակամություն ունի, անտարակույս, կգտնի աշխատանք:

Լեհերն աշխատասեր ժողովուրդ են. շաբաթվա ընթացքում քրտնաջան աշխատում են, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին, բառի բուն իմաստով, վայելում են կյանքը: «Weekend» ասվածի կարեւորությունը առաջին անգամ Լեհաստանում զգացի, երբ մարդիկ անգամ խուսափում են իրար հաղորդագրություն գրել կամ զանգահարել՝ փորձելով չխոչընդոտել մյուսների հանգիստը:

Կառավարությունը խթանում է ընթերցանության մշակույթի զարգացումը: Թերեւս այդ պատճառով է, որ Լեհաստանի բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կարելի է տեսնել բազմաթիվ ժամանակակից գրադարաններ, որտեղ կարելի է ոչ միայն գրքեր ընթերցել, այլեւ հաճելի ժամանակ անցկացնել՝ ունկնդրել կենդանի երաժշտություն, տարատեսակ միջոցառումների մասնակիցը դառնալ եւ ալն:

Վերջերս մի հետաքրքիր բացահայտում արեցի. այն է՝ եթե գրադարանի քարտ ունես, կինոթատրոն այցելելիս որոշակի զեղչի արտոնություն ունես: Լեհաստանում ընթերցում են գրեթե բոլորը՝ առանց տարիքային ու սեռային սահմանափակության: Շատ հաճախ ավտոբուսներում, գնացքներում, զբոսայգիներում, հիվանդանոցներում, նույնիսկ հերթի մեջ սպասելիս կարելի է տեսնել տասնյակ ընթերցասերների: Ընթերցողն իրավունք ունի տարբեր գրադարաններից շուրջ 24 գիրք ձեռք բերել, որոնք տրամադրում են 1 ամիս ժամանակահատվածով, իսկ եթե չես հասցնում ավարտել մինչ նշված օրը, ապա հոգ չէ, քանի որ առանց տանից դուրս գալու՝ հեռախոսազանգի կամ էլեկտրոնաին փոստի միջոցով կարող ես խնդրել, որ ժամկետը երկարաձգեն եւս մեկ ամսով:  

Լեհաստանում հասարակական տրանսպորտը պետական է, ինչը երթեւեկության ամենանգամյա տոմս գնելու փոխարեն ամսական բաժանորդագրությունից օգտվելու հնարավորություն է տալիս: Եվ բնավ պարտադիր չէ, որ յուրաքանչյուր անգամ տրանսպորտից օգտվելիս վարորդին տոմսդ կամ քարտդ ցույց տաս: Սովորական ուղեւորներից ոչնչով չտարբերվող հատուկ անձինք կան, ովքեր ժամանակ առ ժամանակ փոխադրամիջոցներում ստուգումներ են անցկացնում՝ երեւան հանելով կարգազանց ուղեւորներին եւ միեւնույն ժամանակ զգոն պահելով մյուսներին: Բնակչության փոխադրումն ապահովվում է հարմարավետ ավտոբուսների, տրոլեյբուսների, գնացքների, տրամվայների եւ մետրոների միջոցով, որոնցում հատուկ նստատեղեր կան ծերերի, հաշմանդամների, հղիների եւ երեխաների հետ ուղեւորվող մեծահասակների համար: Հասարակական տրանսպորտն ու փողոցները հարմարեցված են տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց: Ավտոբուս կարելի է նստել հաշմանդամի սայլակով, մանկասայլակով, նույնիսկ հեծանվով: 

Ի հակադրություն Հայաստանի՝ Լեհաստանում չեն երազում արու զավակ ունենալու մասին, քանի որ ամեն դեպքում երեխաները (տղա, թե աղջիկ) մեծանալով ընտանիք են կազմում ու հեռանում հայրական տնից, իսկ ծնողները միայնակ են գերադասում ապրել: Լեհ ծնողները երեխաների մեջ վաղ տարիքից ինքնուրույնություն են սերմանում:

Լեհ ժողովուրդն առանձնահատուկ սեր եւ հոգատարություն է դրսեւորում ընտանի կենդանիների նկատմամբ: Վաղ առավոտյան՝ աշխատանքի գնալուց առաջ եւ երեկոյան, անպայման զբոսանքի են տանում կենդանիներին, նրանց համար հագուստներ գնում եւ հատուկ սննդակարգ սահմանում: Թերեւս ինձ համար ամենազարմանալին այն է, որ Լեհաստանում ընտանի կենդանիների մուտքն ազատ է հասարակական տրանսպորտ, խանութներ, որոշ սրճարաններ եւ այլուր: Գործընկերներիցս մեկն ասում է. «Իմ ընտանիքը բաղկացած է 4 հոգուց՝ ես, ամուսինս, որդիս ու մեր շունը»: 

Բոլորովին վերջերս ավտոբուսում շատ մտահոգ դեմքով մի դեռատի աղջկա հանդիպեցի, ով ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույցում նշեց, որ Միշյուն շատ հուզված է, երեկվանից բան չի կերել ու չի քնել՝ այդ ընթացքում անընդհատ աչք գցելով պայուսակի մեջ: Առաջին հայացքից չհասկացա, թե խոսքն ինչի մասին էր, մինչեւ որ պայուսակից դուրս եկավ մի ճագար ու սկսեց մագլցել դեպի աղջկա պարանոցը… Ահա այդպիսին է լեհ ժողովրդի սերն ու կապվածությունը կենդանիների նկատմամբ: